Ոչ ավանդական լրատվամիջոցները ահանզանգում են Նորաշենի մասին

Թբիլիսիի Նորաշեն հայկական եկեղեցու նկատմամբ վրացական ոտնձգությունների մասին առաջինը խոսեցին բլոգերները։ Ավանդական լրատվամիջոցները խնդրին անդրադարձան մի քանի օր ուշացումով, երբ հայ բլոգերներն արդեն տարածել էին լուրն ու այն բազմակողմանի վերլուծության ենթարկել։
Լուսանկարում՝ Տարիել Սիկինչելաշվիլին։

Ամեն ինչ սկսվեց Վեստա անունով բլոգերի գրառումից։

«Այսօր՝ նոյեմբերի 16-ին, հայր Տարիել Սիկինչելաշվիլին, մի քանի բանվորների հետ սկսեց բուլդոզերներով քանդել Նորաշեն եկեղեցու մոտ տեղակայված Թամամշյանների գերեզմանները։ Վրդովված թբիլիսահայերի ամբոխը պահանջեց վերադարձնել գերեզմանաքարերը իրենց հին տեղը»։

Ականատես բլոգերը նկարագրել է դեպքերի զարգացումը։

«Հայ եկեղեցու Վիրահայոց թեմի ներկայացուցիչների եւ Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավորի ժամանումից հետո վրացի հոգեւորականը սկսեց արդարանալ, թե ինքը ժամանակավորապես է տեղաշարժել գերեզմանաքարերը. Ուզում էր եկեղեցու բակը բարեկարգել»։

Լրագրող-բլոգեր Կարինե Տեր-Սահակյանին զարմացնում է վրացահայ համայնքի եւ Առաքելական եկեղեցու պահվածքը։

Ինչո՞վ են զբաղվում Վիրահայոց թեմի առաջնորդն ու Վրաստանի նախագահի հայ խորհրդական Վան Բայբուրդը։ Նրանց երբ էլ հարցնես՝ վրացական իշխանություններից լավ, հայերին աշխարհում ոչ ոք չի վերաբերվում։

Մեկ այլ լրագրող-բլոգեր՝ Մարկ Գրիգորյանը, զուգահեռներ է անցկացնում եւ հարցադրում է անում։

Ուզում եմ հատուկ նշել, որ նման բան պատկերացնել «հայերի համար ատելի Թուրքիայի» մայրաքաղաքում, ուղղակի անհնար է։ Իսկ, ա՛յ, «եղբայրական Վրաստանում»… Ինչ ամոթ է։ Ես ցնցված եմ վրաց հասարակության լռությունից։

Նորաշենի դեպքերը ստիպել են ամենավրացասեր բլոգերին՝ Գոստ-ին, վերանայել իր հայացքները։

Երեւի ես ամենա վրացամետ հայն եմ հայկական ինտերնետում։ Մանկուց պաշտել եմ Թբիլիսին, վրացական երաժշտությունը, կինոն եւ այլն…

Բայց Նորաշեն եկեղեցու պատմությունը, անգամ ինձ համար վերջին կաթիլն էր։

Վրացահայ բլոգեր athanatoi հետ հարցազրուցը պարունակող աուդիո ֆայլը։

Թբիլիսիի Նորաշեն հայկական եկեղեցու նկատմամբ վրացական ոտնձգությունների մասին առաջինը խոսեցին բլոգերները։ Ավանդական լրատվամիջոցները խնդրին անդրադարձան մի քանի օր ուշացումով, երբ հայ բլոգերներն արդեն տարածել էին լուրն ու այն բազմակողմանի վերլուծության ենթարկել։