Հայ բլոգերները ողջունում են Օբամային` որոշ վերապահումներով

«Ես իմ փոքր ներդրումը կատարեցի»,-գրում է Օբամայի օգտին քվեարկած Նազարյանը, ով Միացյալ Նահանգների քաղաքացի է։

«Ընտրատեղամասերը բացվեցին ժամը 7-ին: Մարդիկ հերթ էին կանգնած ժամը 6-ից: Ընտրատեղամասի աշխատողներն ասացին, որ որոշ մարդիկ նույնսիկ ժամը 5-ին են եկել: Ես ընտրությունների վայր հասա յոթն անց տասնհինգ եւ քվեարկության ամբողջ գործընթացը մի ժամ տեւեց, որից կես ժամը ծախսեցի դրսում հերթ կանգնելու վրա»,- պատմում է բլոգերը:

Անզիփփդ-ը ոգեշնչված է.«Նրանք ապացուցեցին, որ անհնարինը հնարավոր է Ամերիկայում: Նրանք ապացուցեցին, որ «Ամերիկյան երազանքը» գոյություն ունի»,-գրում է բրիտանաբնակ բլոգերը:

Ոգեւորված է նաեւ քաղաքագետ-բլոգեր Արտաշես Բոյաջյանը.«Սա այն փոփոխությունն է, որին մենք կարող ենք վստահել»,-գրում է նա, օգտագործելով Օբամայի ընտրարշավի կարգախոսը:

Յուրօրինակ ձեւով է արտահայտվել Փիղը. «Բարեկամներ, ասացեք խնդրեմ ինչո՞ւ եք այդպես ուրախացել Օբամայի հաղթանակով»,-գրում է ավանդաբար հանրապետական կողմնորոշումներ ունեցող բլոգերը.”Մի՞թե մեզ համար այդքան կարեւոր է հզոր Ամերիկայի վերածնունդը:
Իմ կարծիքով զինվորիկ ՄըկՔեյնն ու հիմարիկ Պեյլինը «համաշխարհային ժողովրդավարական այդ կղզյակը» իր տրամաբանական ավարտին կհասցներին: Իսկ մեր հայերը այնպես են ուրախանում, այնպես են ուրախանում. Մեր ամբողջ օֆիսը ոնց որ զատիկի ժամանակ լինի»: Փիղը մեկնաբանում է իր դժգոհությունները` պետք չէ հույսեր կապել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու` Օբամայի տված խոստումների հետ:

Ամերիկյան ընտրությունների նախօրեին նաեւ շատ էին քննարկումներն այն մասին, որ նախագահի թեկնածու Օբաման իրականում միայն հմտորեն իրագործված գովազդի` PR-ի արդյունք է: Այս կարծիքի հետ այնքան էլ համաձայն չէ Ուզողը. «Իրականում, Օբամայի պահվածքից պարզ է մի բան`բարոյականություն: Նա փորձում է ցույց տալ (եւ անձամբ ես դրանում համոզված եմ), որ իր համար կարեւոր են բոլոր այն արժեքները, որոնք կարեւոր են բոլոր մարդկանց համար, անկախ նրանց սեւ, սպիտակ լինելուն: Կարելի է այս ամենը կեղտոտ PR անվանել, իսկ ինձ` միամիտ ռոմանտիկ: Ինչեւէ, կապրենք կտեսնենք»:

Քրիստիան Գարբիսը կրկին անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման խոստմանը, զարմանալի ոչինչ չտեսնելով Օբամայի հաղթանակից հետո համայն հայությանը համակած ոգեւորության մեջ: Այնուամենայնիվ, բլոգը նշում է. «Նույնիսկ եթե Օբաման իր խոստումը չկատարի, դա նրա մեղքը չի լինի: Նա առաջին նախագահը չէ, որ խուսափել է Հայոց ցեղասպանության ճանաչումից: Հիշենք թեկուզ վերջին նախագահներ Բիլ Քլինթոնին եւ Ջորջ Բուշին, որոնք իրենց նախընտրական արշավներում նույնատիպ խոստումներ էին տալիս: Միացյալ Նահանգների արտգործնախարարությունը միշտ բարեհաճ է եղել Թուրքական շահերի հանդեպ եւ Հայոց ցեղասպանությունը երբեք նրանց հետաքրքրող թեմաներից չի եղել»: Կարեւորն այն է, որ, ինչպես գրում է Քրիստիանը, «Օբաման, բոլոր դեպքերում, պատրաստ է փոփոխություններ ձեռնարկել եւ տարածել ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ ամբողջ աշխարհում»:

Վերջում բլոգերը հույս է հայտնել, որ օրերից մի օր Օբամային կտեսնի Հայաստանում: