Քրեական խրոնիկա

Հին ու իմաստուն խոսք կա` «Երբ խոսում են թնդանոթները` պոետները լռում են»: Խոսքը իմաստուն է, բայց նաեւ շատ հին` դրա համար էլ հաստատ չի ճանաչում հայ բլոգերներին: Անցյալ շաբաթ Հայաստանում թնդանոթները նորից էին խոսում` երկրի բոլոր ծայրերում տարաբնույթ «ռազբոռկա»-ներ էին տեղի ունենում, իսկ հայ բլոգերները` չէին էլ մտածում լռել:

«Երկու օրվա մեջ 5 դիակ, 8 վիրավոր»,- հաշվում է Սամվել Մարտիրոսյանը, — «Հետաքրքիր բարոյական մթնոլորտ է ստեղծվել Հայաստանում։ Փաստորեն, մեկ ամսվա պլանը երկու օրում կատարեցինք համարյա` տարեկան 100-ից մի քիչ շատ սպանություն է կատարվում երկրում»։

Նույն իրադարձություններին է անդրադարձել Reporter_arm-ը.«Լոռու մարզի երկու քաղաքում` Սպիտակում եւ Ստեփանավանում կրակոցներ են հնչել: Իրարից 10 րոպե տարբերությամբ: Սպիտակում կարծես քրեական վիճաբանություն է; Չորս հոգի մահացել է:Ստեփանավանում ծակող-կտրող գործիքով հարվածել են քաղաքապետին: Նա էլ կրակել է ու վիրավորել-քշել հարձակվողներին»:

Հոկտեմբերի 26-ի ցերեկը Երեւանում տեղի ունեցած սպանության ականատեսն է եղել Ունդիանա բլոգը. «Ցերեկվա լույսի տակ, կիրակի օրով մեր բակ` որտեղ սովորաբար լիքը երեխա է լինում, մի մեքենա է ներխուժում իսկ դրա միջից, ավտոմատի կրակահերթեր… երեխաները թաքնվում էին ով` որտեղ պատահի»:

Արդյունքում` սպանվել է 43-ամյա մի տղամարդ, եւս մեկ անձ վիրավորվել է, տեղեկացնում է Kornelij Glas-ը, «Եվ երկրորդ դեպքը` հոկտեմբերի 25-ի գիշերը Կենտրոնի ոստիկանությունում հաղորդագրություն է ստացվել, որ «Ծղոտներ» ռեստորանի մոտակայքում վիճաբանության եւ կրակոցների ձայներ են լսվել»:

«Հոկտեմբերի 26-ին 5 անհայտ անձիք հարձակվել են ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի (նկարում) առանձնատան վրա»,- սպանություններով ու բռնություններ լի շաբաթվա պատկերն ամբողջացնում է Reporter-arm-ը: «Այ, այսպիսի քրեական պատմություն է պատահել նախկին գլխավոր մաքսավորի հետ»

Գլխավոր դատախազ Ավղան Հովսեփյանը, մեկնաբանելով երկրում ծայր առած աննախադեպ սպանությունների ալիքը, այս շաբաթ կարծիք հայտնեց, որ Հայաստանում մահապատժի վերցման եւ քրեական «ռազբորկա»-ների թվի ավելացման միջեւ որոշակի կապ գոյություն ունի: Ըստ Kornelij Glas-ի` մնում է միայն ծափահարել «հերոս քաղաք Չիկագոյի պատվավոր քաղաքացի» Աղվան Հովսեփյանին:

«Էլի գրողի տարած Եվրոպան է մեզ խանգարում լուծել սեփական խնդիրները:»,- հեգնում է Ogostos-ը,- «Ակնհայտ է, չէ՞, որ եթե մահապատիժը չվերացնեին, բորդելներում ոչ ոք չէր կրակի»:

9-տարի է անցել Հայաստանում երբեւէ տեղի ունեցած ամենացնցող ոճրագործությունից: «1999թ հեկտեմբերի 27-ին Ժամը 17-ի մոտ հինգ զինված անձինք` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ ներխուժեցին Աժ նիստերի դահլիճ ու գնդակահարեցին 8 հոգու: Մոտ երեք տարի տեւած “27″-ի դատավարությունն այդպես էլ պատասխան չտվեց հասարակությանը հուզող հարցերին` չցրելով այն կասկածը, որ ահաբեկիչներն առանց օժանդակության կարող էին իրագործել այդ հրեշավոր ծրագիրը»:

«Ի դեպ, դատավարության այնքան ձգձգվեց, որ “27″-ի դատավճիռը հրապարակվեց այն ժամանակ, երբ Հայաստանում ԵԽ պահանջով մահապատիժն արդեն վերացված էր»,-հիշեցնում է Ա1պլյուսի բլոգը: