Ադրբեջանական բանակն առայժմ չի կարողանում առավելության հասնել հայկական զինված ուժերի նկատմամբ

Քանի դեռ Լեռնային-Ղարաբաղի հակամարտությունը չի լուծվել` ՆԱՏՕ-ն պետք է Ադրբեջանի հետ իր համագործակցությունը խստորեն սահմանափակի այդ երկրի զինված ուժերի ժողովրդավարական, քաղաքացիական վերահսկումը բարելավելու վրա եւ չփորձի դուրս գալ Անհատական գործընկերության ծրագրի շրջանակներից, եզրակացրել է Միջազգային ճգնաժամային խումբը` Ադրբեջանի ռազմական բարեփոխումներին նվիրված վերջին զեկույցում:

Զեկույցում նշվում է, որ ադրբեջանական բանակն առայժմ չի կարողանում հստակ առավելություն ձեռք բերել հայկական զինված ուժերի նկատմամբ, չնայած երկրի ռազմական ծախսերի բազմակի ավելացմանը: Ըստ Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցի` դա առաջին հերթին պայմանավորված է երկրի ղեկավարության մոտ իրական բարեփոխումներ կատարելու քաղաքական կամքի բացակայությամբ:

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ՙբանակին վերաբերվել առաջին հերթին որպես իրենց նեղ անձնական հետաքրքրությունները պաշտպանելու միջոց՚,-նշված է զեկույցում:

Միեւնույն ժամանակ, ՆԱՏՕ-ն պետք է ամենայն բծախնդրությամբ վերանայի Կովկասյան երկրների զինված ուժերի հետ համագործակցության ռազմավարությունը` առանձնահատուկ ուշադրություն դրսեւորելով տարածաշրջանում առկա հակամարտությունների նկատմամբ առաջարկել է ռազմավարական հետազոտություններով զբաղվող հեղինակավոր կազմակերպությունը: