Մեդվեդեւ. «Իմ ունեցած ռուբլիները դոլարի չեմ փոխանակել»

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը համերկրացիներին կոչ է արել հետեւել իր օրինակին եւ իրենց գումարները պահել բանկում` այսպիսով փորձելով հաղթահարել ‎‎ֆինանսական համակարգի նկատմամբ երկրում աճող անվստահությունը:

«Ես պահպանել եմ իմ բոլոր բանկային հաշվեհամարները», — հայտարարել է նախագահ Մեդվեդեւը` պատասխանելով «Արգումենտի ի ‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎ֆակտի» թերթի ընթերցողների հարցերին: — «Իմ ունեցած ռուբլիները դոլարի չեմ փոխանակել: Վստահ եմ, որ ինչպես իմ, այնպես էլ բոլոր մյուս ռուսաստանցիների խնայողություններին վտանգ չի սպառնում», — ավելացրել է նա:

Օգոստոս — սեպտեմբեր ամիսների ընթացքում համաշխարհային ‎ֆինանսական ճգնաժամի մասին լուրերի ազդեցության տակ ռուսաստանցիները ավելի քան 5.4 միլիարդ ռուբլի են դուրս բերել իրենց բանկային հաշվեհամարներից, ինչը կազմում է երկրի 50 խոշորագույն բանկերում ներդրված մասնավոր ավանդների 1.2 տոկոսը:

Ռուսաստանի նախագահը խոստացել է նաեւ 200 միլիարդ դոլարին համարժեք վարկեր տրամադրել բանկերին, էներգետիկ եւ շինարարական ընկերություններին` ֆինանսական ճգնաժամի հնարավոր հետեւանքները հաղթահարելու համար:

«Ազատություն» ռադիոկայան