Սերժ Սարգսյանը ղարաբաղյան խնդրի կարգավորման երեք նախապայման է մատնանշում


Տեւական պասիվ ժամանակաշրջանից հետո ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը մտել է ակտիվ փուլ: Այդ մասին հայտարարել է Սերժ Սարգսյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում` դա պայմանավորելով առնվազն երկու կարեւոր հանգամանքով. — «Ե’վ Հայաստանում, ե’ւ Ադրբեջանում ավարտվեցին նախագահական ընտրությունները, եւ երկրորդ` տարածաշրջանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունները մեկ անգամ եւս բոլորին համոզեցին, որ խնդրի կարգավորման ռազմական ճանապարհ գոյություն չունի»:

«Ղարաբաղյան խնդրի կարգավորումը հնարավոր է, եթե Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, եթե Լեռնային Ղարաբաղը ցամաքային սահման ունենա Հայաստանի Հանրապետության հետ, եւ եթե միջազգային կազմակերպություններն ու առաջատար երկրները երաշխավորեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը», — ընդգծել է Հայաստանի նախագահը:

Ղարաբաղյան հարցում տարածաշրջանային այլ դերակատարների ակտիվացմանը վերաբերող հարցին Հայաստանի նախագահը արձագանքել է. — ՙՆախ, պետք է ասեմ, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում` ՙմադրիդյան սկզբունքների՚ հիման վրա: Բազմիցս ասվել է, եւ հիմա էլ կրկնում եմ, որ այլ միջնորդներ չկան. միակ միջնորդները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են, եւ այն խառնաշփոթը, որ փորձ է արվում ստեղծել, մեզ որեւէ բանում չի օժանադակում: Կրկնում եմ` միակ միջնորդը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են, Հայաստանը երբեք որեւէ երկրի չի դիմել` միջնորդական առաքելություն իրականացնելու խնդրանքով՚:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` երեք նախագահների հանդիպման նախաձեռնության առնչությամբ Սերժ Սարգսյանն ասել է. — ՙՌուսաստանը հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը, եւ շատ օրինաչափ է նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերն ու նրա ակտիվությունն այս հարցում՚:

Իսկ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հայտարարության վերաբերյալ, թե Հայաստանի նախագահն է առաջինն իրեն խնդրել աջակցել կարգավորման գործընթացին, Սերժ Սարգսյանը նշել է. — ՙՆախ պիտի ասեմ, որ, երեւի նկատել եք, ես բնավորություն չունեմ այլ գործիչների ասածները մեկնաբանել, հատկապես որ, մեր մամուլում տպագրվում են կոնտեքսից կտրված հատվածներ: Իրականությունը հետեւյալն է` միակ միջնորդները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են, իսկ որեւէ օժանդակությունից մենք չենք հրաժարվում: Այո, համոզված եմ, որ Թուրքիան կարող է իր օժանդակությունը բերել ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին, եւ հիմա էլ, կարծում եմ, բերում է. նախագահ Գյուլի այցելությունը Երեւան, հայ-թուրքական բանակցությունների շարունակությունը շատ լավ օրինակ է դժվար խնդիրներ լուծելու: Եվ վստահ եմ, եթե Թուրքիան բացի սահմաններն ու Հայաստանի հետ հաստատի դիվանագիտական հարաբերություններ, մեծապես օժանդակած կլինի ղարաբաղյան խնդրի կարգավորմանը՚:

ՙԽորապես համոզված եմ, որ մենք դեռեւս թեւակոխելու ենք շատ ավելի ակտիվ հասարակական քննարկումների ժամանակաշրջան՚, — ասել է նախագահը` հավելելով. — ՙՔննարկումները միշտ օգտակար են, բայց դրանց հիմքում միայն ու միայն մեկ շահ պետք է լինի` հայ ժողովրդի շահը: Մենք ղարաբաղյան խնդրի կարգավորմանը չափազանց շատ բան ենք նվիրաբերել, որպեսզի աչք փակենք կամ չնկատելու տանք շահարկումների փաստերը: Մենք նվիրական հարց ենք լուծում: Մենք կարեւոր պատմական խնդիր ենք լուծում, եւ այս պատմական խնդրի լուծման ընթացքում, եթե որեւէ մեկը, փորձում է այլ շահ փնտրել, ապա դա բարոյական չէ՚:

Սերժ Սարգսյանը հայտարարել է նաեւ, որ ՙմեր բանակը մարտունակ է, այն այսօր ավելի մարտունակ է, քան երեկ էր, եւ երեկ ավելի մարտունակ էր, քան երեկ չէ առաջին օրն էր՚: ՙԱմեն տարի մեր բանակն ավելացնում է իր սպառազինությունը, իր մարտունակությունը եւ, որ շատ կարեւոր է, մարտական ոգին: Այն մեր բանակի ամենից կարեւոր զենքն ու սպառազինությունն է՚, — ընդգծել է Հայաստանի նախագահը:

«Ազատություն» ռադիոկայան