Թուրք պաշտոնյաները Հայոց ցեղասպանության մասին կխոսեն Օբամայի եւ ՄըքՔեյնի խորհրդականների հետ

Այսօր Թուրքիայի վարչապետ Թայիբ Էրդողանը երկու թուրք դիվանագետների է գործուղել Միացյալ Նահանգներ` նախագահի թեկնածուներ` դեմոկրատ Բարաք Օբամայի եւ հանրապետական Ջոն ՄըքՔեյնի խորհրդականների հետ հանդիպելու նպատակով:

Թուրքական ՙՀուրիեթ՚ թերթի փոխանցմամբ, Էրդողանի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Ահմեդ Դավութօղլուն եւ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Սուաթ Կինիկլիօղլուն խոսելու են քրդական ահաբեկչության, Հայոց ցեղասպանության, Կիպրոսի խնդրի, Իրաքի տարածքային ամբողջականության եւ տարածաշրջանային այլ զարգացումների առնչությամբ Թուրքիայի դիրքորոշման մասին:

ՙԹուրքիան հորդորելու է Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուներին լսել թուրքական տեսակետները այսպես կոչված հայկական ցեղասպանության մեղադրանքների վերաբերյալ՚, — մեկնաբանել է Հուրիեթը: — ՙԴավութօղլուն եւ Կինիկլիօղլուն նաեւ փնտրելու են Ամերիկայի աջակցությունը` ՙԿովկասյան համագործակցության պլատ‎‎‎‎‎‎‎‎ֆորմի՚‎ ձեւավորման գործում՚:

Դեռ ամիսներ առաջ Բարաք Օբաման հստակ հավաստիացրել է, որ ընտրվելով նախագահ` կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Սա էլ, թերեւս, դարձել է քվեները հօգուտ Օբամայի տալու ամերիկահայերի մեծ մասի հայտնած մտադրության դրդապատճառը:

Հանրապետական թեկնածու, սենատոր Ջոն ՄըքՔեյնը հայ ընտրողներին որեւէ խոստում չի տվել եւ, ըստ էության, մտադիր չէ փոխել այս հարցում ներկայիս հանրապետական վարչակազմի դիրքորոշումը, այն է՝ 1915-ի իրադարձությունները նկարագրել որպես հրեշավոր հանցագործություն, զանգվածային սպանդ եւ տեղահանում, բայց չօգտագործել genocide հասկացությունը:

“Ազատություն” ռադիոկայան