Բարաք Օբաման շնորհակալություն է հայտնում ամերիկահայերին

Դեմոկրատական կուսակցությունից Միացյալ Նահանգների նախագահության թեկնածու, սենատոր Բարաք Օբաման «Հայերը Օբամայի օգտին» կազմակերպությանը անցած շաբաթ հղած ուղերձում շնորհակալություն է հայտնել ամերիկահայերին իրեն աջակցելու համար:

Բարաք Օբաման դեռ ամիսներ առաջ հստակ հավաստիացրել է, որ ընտրվելով նախագահ` կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Սա էլ, թերեւս, դարձել է քվեները հօգուտ Օբամայի տալու ամերիկահայերի մեծ մասի հայտնած մտադրության դրդապատճառը:

Հանրապետական թեկնածու, սենատոր Ջոն ՄըքՔեյնը հայ ընտրողներին որեւէ խոստում չի տվել եւ, ըստ էության, մտադիր չէ փոխել այս հարցում ներկայիս հանրապետական վարչակազմի դիրքորոշումը, այն է՝ 1915-ի իրադարձությունները նկարագրել որպես հրեշավոր հանցագործություն, զանգվածային սպանդ եւ տեղահանում, բայց չօգտագործել “genocide” հասկացությունը:

Մինչդեռ, չնայած հայերին Օբամայի տված խոստումին, Թուրքիայում նախապատվությունը տալիս են հենց դեմոկրատ թեկնածուին, ինչի մասին վկայում են Gallup-ի անցկացրած հարցախույզի արդյունքները. հարցվածների մեծ մասը դիրքորոշում չունի, բայց 22 տոկոսը համակրում է Օբամային, իսկ ՄըքՔեյնին՝ ընդամենը 8 տոկոսը:

Օբաման ընտրվելու դեպքում մտադիր է ակտիվ քաղաքականություն իրականացնել այս տարածաշրջանում: ՙՀուրիեթ՚ պարբերականի փոխանցմամբ` նա առաջարկում է կազմակերպել թուրք-քրդական գագաթնաժողով, որի նպատակը կլինի թուրք-քրդական չկարգավորված, արյունալի հակամարտության հարատեւ լուծում գտնելը: Ըստ ՙՀուրիեթ՚-ի, Օբաման մի առիթով ասել է, թե նախագահ Ջորջ Բուշի նախաձեռնած իրաքյան պատերազմի հետեւանքով Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) խնդիրն է’լ ավելի է սրվել:
ՙՀուրիեթ՚-ի փոխանցմամբ` նախագահ ընտրվելու դեպքում Օբաման անպայման կզբաղվի նաեւ Կիպրոսի շուրջ հույն-թուրքական վեճի կարգավորմամբ:

ՙԲարաք Օբաման եւ փոխնախագահության թեկնածու Ջո Բայդենը համոզված են, որ կայուն, ժողովրդավարական, դեպի Արեւմուտք կողմնորոշված Թուրքիայի հետ սերտ հարաբերությունները շատ կարեւոր են Միացյալ Նահանգների համար՚, — գրել է ՙՀուրիեթ՚-ը:

Արմեն Քոլոյան, Պրահա | «Ազատություն» ռադիոկայան

Advertisements