Խորհրդարանական ուժերը դրական են գնահատում Փաստահավաք խմբի ստեղծումը

Խորհրդարանական ուժերը հիմնականում դրական են գնահատում մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ փաստահավաք խմբի ստեղծումը:

Այսօր Ազգային Ժողովում կայացած ճեպազրույցների ժամանակ ընդդիմադիր ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ Փաստահավաք խմբի ֆորմատն իրենց բավարարում է: ՙԱյն հավասարակշռված է՚, — ասաց Մարտիրոսյանը` միաժամանակ ափսոսանք հայտնելով, որ ընդդիմության հետ նախագահի կարգադրությունը չի քննարկվել:

Նույն խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը Փաստահավաք խումբ ստեղծելու մասին կարգադրությունը ուշացած, բայց անհրաժեշտ քայլ որակեց: Չնայած աշխատանքները ֆինանսավորվելու են նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին` Սաֆարյանը խնդիր չի տեսնում նոր ստեղծվելիք խմբի աշխատանքներին մասնակցելու հարցում. — ՙԴա ամենեւին չի նշանակում, որ նախագահն է վարձատրում: Միեւնույն է, դա պետական բյուջեի գումարներ են, եւ էական չէ, թե որ խողովակով կվարձատրվեն խմբի անդամ հանդիսացող փորձագետները՚:

ՙԺառանգություն՚ կուսակցությունը երեկոյան վարչության նիստ է գումարել, որոշելու համար` կմասնակցի± արդյոք Փաստահավաք խմբի աշխատանքներին, եւ եթե այո, ո±վ կլինի կուսակցության ներկայացուցիչն այդ խմբում:

Իշխանական կոալիցիան առայժմ չի քննարկել, թե ում է գործուղելու Փաստահավաք խումբ: Ըստ նախագահի կարգադրությամբ սահմանված կարգի` կոալիցիայի անդամ չորս կուսակցությունները երկու թեկնածու պետք է առաջադրեն:

ՙՀանրապետական՚ խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը խնդիր չի տեսնում` արդյոք իրենց կուսակցության առաջադրած թեկնածո±ւն կընտրվի խմբում, թե± կոալիցիայի մեկ այլ կուսակցության առաջարկած անձը. — ՙՄեր խնդիրը հետեւյալն է` պետք է լինի անձնավորություն, որը բավարարի այնտեղ նշված ցուցանիշներին: Չլինի քաղաքական դեմք, չլինի կուսակցական, լինի մասնագետ, պետական համակարգում աշխատող չլինի: Որեւէ նշանակություն չունի, թե որ կուսակցությունն է նրան առաջարկում՚:
ՙՕրինաց երկիր՚ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նույնպես նշեց, որ կարեւոր չէ, թե կոալիցիոն ո±ր կուսակցության թեկնածուն կընդգրկվի խմբում. — ՙՊետք է ուղղակի սկզբունքորեն ընտրել լուրջ իրավագետի՚:

Նույն կարծիքին է նաեւ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը. — ՙԱնհրաժեշտ է, որ մասնագետներ աշխատեն այնտեղ՚:

ՙԲարգավաճ Հայաստան՚-ից Նաիրա Զոհրաբյանը համոզված է, որ թե’ արտախորհրդարանական ընդդիմությունը` ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցչի, եւ թե’ խորհրդարանական ՙԺառանգություն՚-ը մասնակցելու են Փաստահավաք խմբի աշխատանքներին:

ՙԻրենք առաջարկում էին այն մոդելը, ինչը այսօր ստեղծվել է: Կարծում եմ, որեւէ վերապահում իրենք այսօր դժվար թե ունենան՚, — հայտարարեց Զոհրաբյանը:

Աստղիկ Բեդեւյան — ‘Ազատություն’ ռադիոկայան