Ֆինանսների նախարար. ՙ2009-ի պետբյուջեն աղքատամետ է՚

Այսօր Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացնելով Հայաստանի 2009 թվականի պետբյուջեի նախագիծը` ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը այն ՙաղքատամետ՚ որակեց:

ՙԲյուջեն նաեւ ուղղված է դեպի աղքատության մակարդակի նվազեցմանը: Չորս տարվա ընթացքում աղքատության մակարդակը պետք է կտրուկ` 2,5 անգամ իջեցնենք՚, — իր կողմից տրված որակումը մեկնաբանեց ֆինանսների նախարարը:

2009 թվականի պետբյուջեի նախագծի ծախսային մասը 945,4 միլիարդ դրամ է, եկամուտները կազմում են 905,4 միլիարդ դրամ, դեֆիցիտը 40 միլիարդ դրամ է:

Հաջորդ տարի շուրջ 17 տոկոսով նախատեսվում է ավելացնել աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը. այն կկազմի 25,5 հազար դրամ` այս տարվա 21,8 հազար դրամի դիմաց: Ավելացվելու են ընտանեկան նպաստները, կազմելով 23,6 հազար դրամ` 2008 թվականի 21 հազարի դիմաց: Նախատեսվում է 20 տոկոսով ավելացնել նվազագույն աշխատավարձի չափը` հասցնելով մինչեւ 30 հազար դրամի:

Սահմանվել է գնաճի 4 տոկոս ցուցանիշ` 1,5 տոկոսի տատանման կանխատեսմամբ, չնայած 2009-ի ապրիլից սպասվող գազի թանկացմանը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը ՙԱզատություն՚ ռադիոկայանի հետ զրույցում վստահեցրեց, թե կենսաթոշակների եւ աշխատավարձերի նախատեսվող բարձրացումները կչեզոքացնեն գազի գնի աճը:

Նախարարի պնդմամբ` ՙգազի գնի 40 տոկոս թանկացումը չի նշանակում, որ ընտանիքների բյուջեի կտրվածքով 40 տոկոս ազդեցություն կունենա՚:

Անուշ Մարտիրոսյան — ‘Ազատություն’ ռադիոկայան

Advertisements