Օմբուդսմենը կմասնակցի Փաստահավաք խմբի աշխատանքներին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը կմասնակցի մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ ստեղծվելիք փաստահավաք խմբի աշխատանքներին: Այդ մասին նա հայտնեց այսօր ՙԱզատություն՚ ռադիոկայանին տված հարցազրույցում:

ՙԱյո, որպես մարդու իրավունքների պաշտպան այս ձեւաչափը ավելի արդյունավետ եմ համարում եւ այդ տեսակետից որոշում եմ կայացրել անպայման մասնակցել՚, — ասաց օմբուդսմենը:

Փաստահավաք խմբի կազմավորման եւ գործունեության կարգի համաձայն` խմբի 5 անդամներից մեկին առաջադրում է մարդու իրավունքների պաշտպանը:

Արմեն Հարությունյանը դեռ չի որոշել, ով կլինի Փաստահավաք խմբում իր ներկայացուցիչը:

ՙԱյնտեղ այնպիսի ձեւաչափ է, որ շատ կարեւոր է, թե ում եմ ներկայացնելու՚, — ընդգծեց օմբուդսմենը, — ՙՈրովհետեւ, լինելով անկախ փորձագետ, նա պետք է պաշտպանի մեդիատորի եւ քաղաքականությունից դուրս` զուտ իրավաբանական փորձագետի [դերը] եւ օբյեկտիվության հիման վրա գործի՚:

Մարդու իրավունքների պաշտպանը գտնում է, որ Փաստահավաք խմբի աշխատանքներին չմասնակցելը ընդդիմության կողմից սխալ կլինի:

ՙԿարծում եմ, որ այս գաղափարի հիման վրա գործընթաց սկսելը ճիշտ է՚, — շեշտեց Արմեն Հարությունյանը:

Ռուզաննա Ստեփանյան — ՙԱզատություն՚ ռադիոկայան

Advertisements