Տիգրան Թորոսյան. ՙՏեւական ժամանակ Ղարաբաղի հարցը չի լուծվելու՚

Ազգային ժողովի նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանը համոզված է, որ ղարաբաղյան խնդրի լուծումը շարունակելու է ձգձգվել` չնայած վերջին շրջանում հակամարտության մոտալուտ կարգավորման մասին հաճախ հնչող հայտարարություններին:

ՙԵս համոզված եմ, որ տեւական ժամանակ Ղարաբաղի հարցը չի լուծվելու: Մի շարք դեպքեր են եղել, երբ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի ներկայացուցիչներ եւ այլ պաշտոնյաներ հայտարարել են, որ հարցը լուծվում է, բայց կարճ ժամանակ անց պարզ է դարձել, որ դա ոչ մի կապ չունի իրականության հետ՚, — ՙԱզատություն՚ ռադիոկայանի հետ զրույցում ընդգծեց Տիգրան Թորոսյանը: — ՙԻ վերջո` որեւէ մեկը որեւէ փաստաթուղթ չի կարող թաքուն ստորագրել, եւ ամեն ինչ փակվի: Փաստաթղթերը պիտի ներկայացվեն հանրությանը՚:

Նախկին խոսնակը վստահ է` եթե կլինեն իսկապես արդարացի լուծումներ, հանրությունը կարձագանքի:

ՙԱզատություն՚ ռադիոկայանի այն հարցին, թե որպես Ազգային Ժողովի նախագահ` տեղյակ եղե՞լ է այն փաստաթղթի կամ փաստաթղթերի բովանդակությանը, որոնք քննարկվել են Ադրբեջանի ղեկավարության հետ, Թորոսյանը պատասխանեց. — ՙԵս միշտ տեղյակ եմ եղել այն բոլոր իրողություններին, որոնք առնչվել են իմ պաշտոնին: Ես կարծում եմ, առայժմ գոյություն չունի որեւէ փաստաթուղթ կամ փաստաթղթի նախագիծ, որը համապարփակ է՚:

ՙԱյնպես որ, դա եւս վկայում է, որ առջեւում ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ կապված որեւէ էական տեղաշարժ չի լինելու՚, — եզրակացրեց խորհրդարանի նախկին խոսնակը:

Աստղիկ Բեդեւյան — «Ազատություն» ռադիոկայան