Հարավային Կովկասում մամուլի ազատության հետ կապված իրավիճակի կտրուկ վատթարացում է արձանագրվել

ՙԼրագրողներ առանց սահմանների՚ միջազգային կազմակերպությունը մի քանի ժամ առաջ հրապարակեց մամուլի ազատության 2008 թվականի աղյուսակը: Ցանկում ընդգրկված է 173 երկիր: Մամուլի ազատության գծով ամենամեծ տեղաշարժը` տեղաշարժ դեպի վատթարացում, արձանագրվել է Հարավային Կովկասում:

2008 թվականին Հայաստանում եւ Վրաստանում մամուլի ազատության հետ կապված մեծ խնդիրներ առաջացան` մտցվեց արտակարգ իրավիճակ:

Հայաստանը, որը 2007 թվականին նույն կազմակերպության ցանկում 77-րդ տեղում էր, 2008 թվականին նահանջել է մինչեւ 102-րդ տեղը: Ընդ որում, Հայաստանն ու Թուրքիան նույն ցուցիչներն ունեն` կիսում են նույն տեղը մամուլի ազատության առումով:

Վրաստանը, որը 2007 թվականին բավական առաջատար դիրք էր զբաղեցնում` 66-րդը, 2008 թվականին 120-րդն է: Մի քանի լրագրողներ դարձան Վրաստանում հանկարծակի ծագած պատերազմի զոհ:

Հարավկովկասյան մյուս երկիրը` Ադրբեջանը, ավելի վատ դիրքեր է զբաղեցնում: Մամուլի ազատության ցուցիչներով Ադրբեջանում եւս վատթարացում է արձանագրվել, բայց ոչ այնքան թռիչքաձեւ, որքան Վրաստանում եւ Հայաստանում: Ադրբեջանը 11 կետով է հետ ընկել. 2007-ին 139-րդն էր, 2008-ին` 150-րդը:

ՙԼրագրողներ առանց սահմանների՚ կազմակերպությունը հարավկովկասյան ամբողջ տարածաշրջանում մամուլի ազատության վատթարացում է արձանագրում:

Ռուսաստանում, որտեղ մամուլի նկատմամբ բռնությունները եւ ճնշումները շարունակվում են, դրությունը փոքր-ինչ փոխվել է Դմիտրի Մեդվեդեւի ընտրությունից հետո: Ընդամենը 3 կետով դրական փոփոխություն է արձանագրված. նախորդ տարվա 144-րդ տեղից Ռուսաստանը հիմա 141-րդն է:

Ըստ ՙԼրագրողներ առանց սահմանների՚ կազմակերպության` աշխարհում մամուլի հետ կապված իրավիճակը ամենաբարվոքն է Իսլանդիայում, Լյուքսեմբուրգում, Նորվեգիայում, Էստոնիայում, Ֆինլանդիայում. նրանք աղյուսակի առաջատարներն են:

Իսկ ցանկը եզրափակում են Էրիթրեան, Հյուսիսային Կորեան, Թուրքմենստանը, Բիրման, Կուբան, որտեղ մամուլի ազատությունը խստորեն սահմանափակված է: