Իմ մեծ, չաղ, հայկական հարսանիքը` Ղարաբաղում

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում այսօր աննախադեպ հարսանյաց արարողություն էր: Շուշիի սրբ. Ղազանչեցոց եւ Մարտակերտի Գանձասար եկեղեցիներում միաժամանակ պսակվել են 675 զույգեր: Պսակադրության արարողությանը հաջորդել է տոնական ճաշ:

Միջոցառումները շարունակվելու են ժամը 18.00-ին Ստեփանակերտի մարզադահլիճում, որտեղ նորապսակներին կհանձնվեն ամուսնության վկայականներ եւ պարգեւներ: Կոլեկտիվ պսակադրության նախաձեռնողը հայտնի գործարար, բարերար, ծնունդով ղարաբաղցի Լեւոն Հայրապետյանն է: Նրա կողմից յուրաքանչյուր զույգին հանձվելու են բանկային ՚ոսկե քարտերՙ` 2500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով: Պարգեւները, սակայն, դրանով չեն սահմանափակվելու: Առաջնեկի ծնունդից հետո ծնողները ստանալու են 2 հազար ԱՄՆ դոլար, երկրորդ եւ երրորդ երեխաների համար համապատասխանաբար 3 եւ 5 հազար ԱՄՆ դոլար, իսկ 4-ից 7 երեխաների համար` 10-100 հազար ԱՄՆ դոլար:

Կոլեկտիվ պսակադրության գործում լումա է ունեցել նաեւ ԼՂՀ գործադիրը, որը հարսանյաց հագուստի եւ մատանիների ձեռքբերման համար նորապսակներին տրամադրել է 500-ական ԱՄՆ դոլար: Իսկ ամուսնությունից անմիջապես հետո, համաձայն 2008 թվականի հունվար ամսից իրականացվող ծրագրի, յուրաքանչյուր նորաթուխ ընտանիքին կհատկացվի 300 հազար դրամ: Իր մեծությամբ չգերազանցված այս պսակադրությունը կավարտվի Ստեփանակերտում տոնական համերգով եւ հրավառությամբ:

Լուսանկարները` 517design-ի: