Ընդդիմությունը միակարծիք չէ հանրահավաքները դադարեցնելու հարցում

Հայ ազգային կոնգրեսի անդամ, ՙՀայ կամավորականների համախմբում՚ շարժման համակարգող Ժիրայր Սեֆիլյանը համոզված է, որ հանրահավաքները չեն խանգարում ղարաբաղյան խնդրի լուծմանը: Ավելին, ինչպես նա հայտարարեց ՙԱզատություն՚ ռադիոկայանին տված հարցազրույցում, դրանք կարող են օգնել Ղարաբաղի համար անցանկալի լուծումների դեմ պայքարելու հարցում:
ՙՈ’չ, մենք համամիտ չենք այդ մարտավարությանը, որ պետք է դադարեցնել զանգվածային միջոցառումները՚, — ասաց Սեֆիլյանը: — ՙԹող մոռանան, որ որեւէ հայկական հող զիջելը հնարավոր է լինելու՚:

Միաժամանակ, նրա համոզմամբ` Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ այս տարակարծությունները չեն ազդի ընդդիմության միասնականության վրա եւ պառակտման պատճառ չեն դառնա: Պարզապես, ըստ Սեֆիլյանի, Հայ ազգային կոնգրեսում երկու մոտեցում կա ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ. առաջինը կողմ է խնդիրը փոխզիջումներով լուծելու տարբերակին, երկրորդը դեմ է որեւէ տարածք զիջելուն: Նա տեղեկացրեց, որ առաջիկայում տարածքների զիջմանը դեմ ուժերն ու գործիչները հանդես կգան իրենց մարտավարությամբ, որոնց շրջանակներում նախատեսվում են հանրահավաքներ եւ տարբեր ակցիաներ:

Ազգային ժողովի միակ ընդդիմադիր ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նույնպես համամիտ չէ Տեր-Պետրոսյանի` հանրահավաքները ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ որոշմանը:

ՙՀատկապես, եթե մենք այսօր ունենք ղարաբաղյան խնդիր` հանրահավաքները եւ զանգվածային միջոցառումները այն գործիքներն են, որոնք թույլ կտան մեր քաղաքացիներին իրականում հասկանալ` ինչ է կատարվում՚, — իր մոտեցումը մեկնաբանում է ընդդիմադիր պատգամավորը: — ՙՄենք չգիտենք` ի՞նչ բանակցություններ են տեղի ունենում, ի՞նչ փաստաթղթերի շուրջ են այդ բանակցությունները տեղի ունենում՚:

ՙԵթե ինչ-որ մեկը կհրաժարվի այդ պայքարից` միեւնույն է, կան բազմաթիվ անձինք, որոնք հանուն մեր ժողովրդի ազատ ապրելու պատրաստ են պայքարել: Եթե այսօր ինչ-որ մեկը կհրաժարվի պայքարից, նրա տեղը շատ հանգիստ կհամալրվի մեկ այլ` վճռական դիրքորոշում ունեցող անձով՚, — վստահեցրեց Զարուհի Փոստանջյանը:

Հոկտեմբերի 17-ի հանրահավաքի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը զանգվածային միջոցառումների ժամանակավոր դադարեցման անհրաժեշտությունը բացատրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության մոտալուտ հանգուցալուծմամբ եւ Ղարաբաղի հարցում հայկական կողմի համար առկա սպառնալիքներով: