Արշակ Բանուչյանին 4 ամիս անազատության մեջ են պահել առանց հիմնավոր ապացույցների

Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Վահագն Հարությունյանը երեկ կարճել է 2008թ. փետրվարին Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանի դեմ հարուցված քրեական գործը:

Բանուչյանը մեղադրվում էր 2008թ. նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին ընտրակաշառք բաժանելու մեջ, սակայն մեղադրանք ներկայացնելուց 7 ամիս անց քննչական ծառայությունը որոշում է կայացրել գործը կարճել. ՙհանցագործության կատարմանը Արշակ Բանուչյանի մասնակցությունը ապացուցված չլինելու հիմքով՚: Փաստորեն, մատենադարանի փոխտնօրենին 4 ամիս անազատության մեջ են պահել, այնուհետեւ երկրից չհեռանալու մասին ստերագրություն են վերցրել, առանց հիմնավոր ապացույցների:

Այսօր ՙԱզատություն՚ ռադիակայանին տված հարցազրույցում Արշակ Բանուչյանն ասաց, թե սա ցույց է տալիս, որ քննչական ծառայությունն այդպես էլ չկարողացավ իր վրա ՙգործ սարքել՚:

ՙՎերջին հաշվով, մնացած տղաներն էլ, որ այժմ գտնվում են կալանավայրում, վաղ թե ուշ արդարացվելու են՚,-գտնում Մատենադարանի փոխտնօրենը, ՙՃիշտ 37 թվականին էլ շատ մարդիկ դատապարտվեցին, աքսորվեցին, բայց ժամանակը ցույց տվեց, թե այդ մարդիկ ինչ մարդիկ էին՚: