ՙBBC՚-ն ներկայացրել է Հայաստանի հանրային հեռուստատեսության զարգացման առաջարկություններ

ՙBBC՚ համաշխահրհային ծառայության հիմնադրամն այսօր Երեւանում ներկայացրել է ՙՀայաստանի Հանրային հեռուստաընկերության կարիքների գնահատում՚ թեմայով զեկույց, որը, վերլուծելով հեռուստաընկերության ձեռքբերումներն ու բացթողումները, ներկայացնում է Հանրայինի զարգացման խթանմանն ուղղված առաջարկությունների մի ամբողջական փաթեթ:

Զեկույցում, մասնավորապես նշվում է, որ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների նշանակման կարգը չի համապատասխանում եվրոպական չափանիշներին, կանոնադրության մեջ բավարար հստակ չեն ներկայացված ընկերության հանրային պարտականությունները, նշվել է 2008թ. նախագահական ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտարկումների արդյունքում նկատված իշխանամետ կողմնակալության փաստը, ինչպես նաեւ գովազդի եւ ժամանցային ծրագրերի չափազանց մեծ ծավալները:

ՙԸնդհանրապես, մենք տպավորված ենք տարբեր ոլորտներում Հանրային հեռուստաընկերության արհեստավարժությամբ, կարծում ենք, որ կա ներուժ` հետագա զարգացման համար՚,-նշում է ՙBBC՚ համաշխահրհային ծառայության հիմնադրամի Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների ծրագրերի ղեկավար Մայլ Ռանդալլը,-ՙԱյնուամենայնիվ, մենք հասկանում ենք, որ հանրային հեռուստաընկերությունը գործում է քաղաքական բարդ միջավայրում եւ դեռ պահպանում է պետական հեռարձակողի ժառանգության բացասական հետեւանքները: Նախկին պետական հեռարձակողներից շատերի խնդիրն այն է, որ իրենք չափազանց շատ են վարժվել պետական դիտակետից լուսաբանելու մոտեցմանը եւ չեն մտածում, թե իրադարձություններն ինչպես են ազդում շարքային մարդկանց եւ նրանց կյանքի վրա՚:

ՙBBC՚ համաշխահրհային ծառայության կողմից ներկայացված առաջարկությունների թվում են` Հանրայինի կողմից ավելի հստակ խմբագրական ուղենիշերի ձեւակերպումը, հեռուստաընկերության կառուցվածքի կառավարման օպտիմալացումն ու աշխատանքային համակարգի հստակեցումը, հեռուստալսարանի կարիքների գնահատման մեխանիզմների բարելավումը, ագրեսիվ կոմերցիոն քաղաքականության կասեցումն ու լրատվական հաղորդումներում ընթացիկ իրադարձությունների լուսաբանման ամրապնդումը:

ՙԱզատություն՚ ռադիոկայանին տրված հարցազրույցում Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Արմեն Արզումանյանը նշեց.ՙԱյն պրոբլեմները, որ նշված են զեկույցի մեջ, մենք ինքներս էլ գիտենք: Ուղղակի ԲիԲիՍի-ն մեզ օգնեց դրանք համակարգելու եւ առաջնահերթությունները դասակարգելու իմաստով՚: