Ընդդիմության հանրահավաքն ավարտվեց երթով

Այսօր երեկոյան Մատենադարանին հարող տարածքում կայացավ ընդդիմության հանրահավաքը, որն ավարտվեց երթով:

Հանրահավաքում չորս ելույթ էր նախատեսված` Հայոց համազգային շարժման վարչության նախագահ Արարատ Զուրաբյանինը, Հայաստանի ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանինը, ՙՀանրապետություն՚ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանինը եւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանինը:

Արամ Սարգսյանը հայտարարեց, որ իրավիճակը ղարաբաղյան կարգավորման հարցում իսկապես ծանր է: ՙՄեր, նաեւ ձեր երեխաների համար իշխանափոխություն ենք իրականացնելու՚, — ասաց ՙՀանրապետություն՚ կուսակցության նախագահը` դիմելով իշխանություններին: — ՙՀայաստանի Հանրապետության ժողովրդի անվտանգությունը վտանգում է Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը: Բանը հասել է նրան, որ թե’ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը, թե’ Միացյալ Նահանգները ուղիղ հայտարարում են, որ Ղարաբաղի հիմնահարցը պիտի լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքով՚:

Ստեփան Դեմիրճյանն իր ելույթում ասաց, որ իշխանությունները փորձում են ՙՄարտի 1՚-ի գործը բարդել ընդդիմության վրա, սակայն ապօրինաբար արված գաղտնալսումներն անգամ, որ վերջերս հրապարակվում են, նրա կարծիքով, ՙցույց են տալիս, որ ընդդիմությունն իշխանափոխություն իրականացնելու որեւէ ցանկություն չի ունեցել՚:

Թեեւ այսօրվա հանրահավաքն արտոնված էր, դեռ մեկնարկից մեկեւկես ժամ առաջ Կորյունի փողոցով մեկ տասնյակից ավելի ոստիկանական մեքենաներ ուղեւորվեցին դեպի Մատենադարան` տեղաբաշխվելով կառավարության ընդունելությունների տան բակում:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը ՙԱզատություն՚ ռադիոկայանին տեղեկացրեց, որ թեեւ քաղաքապետարանը երթ անցկացնելու հայտն ի գիտություն չի ընդունել, ընդդիմությունը, այնուամենայնիվ, հանրահավաքից հետո պատրաստվում է նաեւ երթ անցկացնել: ՙԵրթեր անցկացնելը մեր սահմանադրական իրավունքն է: Մարտի 1-ից սկսած իշխանությունները իրենց ապօրինի գործողություններով արգելել են բոլոր երթերը՚, — ասաց Զուրաբյանը:

Երեւան քաղաքի ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանի տվյալներով` այսօրվա հանրահավաքին մոտ 5 հազար մարդ է մասնակցում:

Վերջում ելույթ ունեցավ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Հանրահավաքից հետո կայացավ երթ, որին իրավապահները չեն խոչընդոտում:

Advertisements