Տիգրան Սարգսյան. «Հայաստանում մակրոտնտեսական կայունությունն ապահովված է»

Հայաստանում նախապես ձեռնարկված եւ ապագայի համար հաշվարկված միջոցառումների շնորհիվ մակրոտնտեսական կայունությունն ապահովված է: Այդ մասին հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը` երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով Հայաստանի տնտեսության վրա համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հնարավոր ազդեցությանը վերաբերող հարցին:

Միաժամանակ, ինչպես ընդգծեց վարչապետը, Հայաստանն աշխարհից մեկուսացած չէ` երկրի հիմնական տնտեսական գործընկերը Եվրամիությունն է, որի հետ իրականացվում է Հայաստանի ապրանքաշրջանառության մոտ 60 տոկոսը, եւ ցնցումները այդ շուկայում ժամանակի ընթացքում կարող են անդրադառնալ Հայաստանի վրա:

Ավելի լուրջ վտանգ Տիգրան Սարգսյանը տեսնում է Ռուսաստանի տնտեսական աճի նվազման դեպքում.- ՙԵթե տնտեսական աճը Ռուսաստանում նվազի, մեր հայրենակիցների եկամուտները նույնպես կնվազեն, եւ մասնավոր տրանսֆերտները, որ գալիս են Հայաստան, կնվազեն, ինչը կարող է իր բացասական ազդեցությունը թողնել մեր ֆինանսական հատվածի վրա եւ սպառման մակարդակի վրա, քանի որ մասնավոր տրանսֆերտների 80 տոկոսը ուղղվում են սպառմանը՚:

Տրանսֆերտներից նման մեծ կախում չունենալու միակ ճանապարհը, ըստ վարչապետի, Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսի զարգացումն է, այդ իսկ պատճառով կառավարությունը նախատեսում է կտրուկ ավելացնել փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման ծավալները:

ՙՄենք ունենք նմանատիպ պայմանավորվածություն Համաշխարհային բանկի հետ եւ պետք է լրացուցիչ միջոցներ ներգրավենք` չեզոքացնելու այս հնարավոր բացասական հետեւանքը՚, — տեղեկացրեց Տիգրան Սարգսյանը: