Կրկնության մեխանիկան

Ֆուտբոլ, գրաքննություն, Էրեբունի-Երեւան ու էլի ֆուտբոլ:

Բելգիա-Հայաստան, 2-0: Հայկական թիմի պարտությունից զայրացած Aerial-vortex բլոգը երկուսներ է նշանակել խաղը նկարահանող բելգիական հեռուստաօպերատորներին, Հայաստանի դանիացի մարզչին եւ հայ հարձակվողներին. «Մեր թիմին հաստատուն երկուս նշանակեցին հենց բելգիացի ֆուտբոլիստները` եւ դա մերոնց բավական է: Մեր ֆուտբոլիստներն էլ, ինչպես պարզվեց, բոլորովին դեմ չէին հնարավորին չափ թեթեւացնել բելգիացիների հոգսերն այս, առանց այն էլ հեշտ գործում»,-մեկնաբանում է Aerial-vortex,-«Էհ… ինչեւէ, սովորական դարձած 2:0-ն ապահովեցինք, այժմ հայացքներըս ուղղենք Բոսնիա-Հերցոգովինայի վրա»:

Առաջիկա Բոսնիա-Հայաստան խաղին սպասում էր նաեւ Reporter_arm-ը: «ԳՈԼ է պետք»,-զգուշացնում էր նա,-«Այսօր Բոսնիա-Հայաստան խաղն է։ Եթե մերոնք պարտվեն, հավաքականի մարզիչ Յան Պոուլսենը կհեռացվի կամ կհեռանա։ Դանիացի մարզիչը կմնա Հայաստանի հաղթանակի դեպքում, կամ էլ գոնե ոչ ոքիի։ Բայց, ասենք 0։0-ն էլ բավարար հաշիվ չի։ Առնվազն 1։1 պետք է լինի, որ հավաքականի հանդեպ ֆուտբոլասերների մոտ հույս լինի»։

Ասես հատուկ Հայաստան-Թուրքիա ֆուտբալային դիվանագիտության արդյունքներին սպասողների համար, «Կյանքն հայկական սփյուռքում» բլոգը գրել է.«Հայաստանը պատրաստվում է Իրան տանող երկաթգիծ կառուցել: Պարզ է մի բան` Իրանին միացող այս նոր երկաթգիծը Հայաստանի հնարավորությունների եւ գոյատեւման համար կենսական նշանակություն ունի: Թուրքերը վերջապես կհասկանան, որ Հայաստանն այլընտրանքներ ունի եւ, որ սահմանը չբացելով իրենք մի մեծ հնարավորությունից են զրկվել: Այժմ Հայաստանը ստիպված չի լինի լսել Թուրքիայի քմահաճույքներն ու նախապայմանները: Երբե´ք: Այժմ, նույնիսկ եթե Թուրքիան լայնորեն բացի սահմանի դարպասը, երկաթգծի նախագիծը պետք է շարունակել»:

Դիտորդ բլոգն անդրադարձել է Երեւանի «Մոսկվա» կինոթատրունում Տիգրան Խզմալյանի «Սարդարապատ», ապա նաեւ Տիգրան Պասկեւիչյանի «Օտարում» վավերագրական ֆիլմերի ցուցադրման արգելանքին: «ՆՈՒՅՆԻՍԿ եթե ֆիլմի ռեժիսորը նկարահանել է ոչ օբյեկտիվ ֆիլմ, մի բան պարզ է` ֆիլմի ցուցադրման արգելումը գրաքննություն է նշանակում: Իսկ գրաքննությունը մի երեւույթ է, որը բացարձակապես արգելված է Հայաստանի Սահմանադրությամբ»,-պնդում է Դիտորդը:

Unzipped բլոգը նույնպես անդրադարձել է ֆիլմերի ցուցադրման արգելքին եւ իր բլոգում տեղադրել է Տիգրան Պասկեւիչյանի «Օտարում» ֆիլմը: «Ֆիլմ, որը նրանք չէին ուզում ձեզ ցույց տալ»,-գրում է բլոգերը,-«Գրաքննությունը հայաստանում տեղ չունի: Գրաքննությունը պետք է պարտություն կրի»:

Էրեբունի-Երեւանի ծննդյան 2790-ամյակն էլ իր բլոգում վավերագրել է Փիղը, հրապարակելով մ.թ.ա 782թ. սեպագրված հետեւյալ արձանագրությունը .- «Խալդի աստծու զորությամբ, Արգիշտին` որդին Մենուայի, կառուցեց այս հզոր ամրոցը եւ անվանեց այն Էրեբունի` հանուն Բիայնիլի երկրի հզորության եւ ի սարսափ թշնամի երկրների»:

Ի դեպ. Բոսնիա-Հայաստան, 4-1: Խաղը կայացավ եւ այս անգամ արդեն ջախջախիչ` 4:1 հաշվով պարտությունը ցավալի, բայց կայացած փաստ է: