Արման Մուսինյան. «Ոստիկանությունն ինքն է օրենքի սահմաններից դուրս գործում»

Ընդդիմության հոկտեմբերի 17-ի հանրահավաքի վերաբերյալ վերջին երկու երթ-իրազեկումները խոչընդոտելով եւ բռնություն կիրառելով` ոստիկանությունն ինքն է օրենքի սահմաններից դուրս գործում, ինչի վկայությունն է նաեւ առաջին միջադեպի կապակցությամբ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հայտարարությունը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը:

ՙՈստիկանությունը գործել է բացահայտ ապօրինի, չի ներկայացրել որեւէ իրավական հիմք իր գործողությունների եւ սահմանափակել է քաղաքացիների` հանրահավաքի մասին իրազեկելու իրավունքը: Մենք դատապարտում ենք նման կեցվածքը՚, — հայտարարեց Հայաստանի առաջին նախագահի խոսնակն ու հավելեց. — ՙԵթե 50 հոգի իրազեկում են իրականացնում եւ ոստիկանության շուրջ 70 աշխատակիցներ, ընդ որում` նաեւ հատուկ ջոկատայիններ, շրջապատում են քաղաքացիներին, սա իսկապես վախի նշան է, իսկ իրավական առումով սա ցույց է տալիս, որ իշխանությունները ՙօրենք՚ հասկացությունը լավ չեն պատկերացնում՚:

Մուսինյանի փոխանցմամբ` հեռուստաընկերությունների եթերով հանրահավաքի մասին ազդարարելու փորձերը առայժմ ապարդյուն են անցել: Հանրահավաքի կազմակերպիչը` ՙՀանրապետություն՚ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, դիմել է Հանրային հեռուստաընկերությանը, ՙԵրկիր մեդիա՚ հեռուստաընկերությանը, ԱԼՄ հեռուստաընկերությանը, որպեսզի միջոցառման մասին տեսահոլովակով իրազեկեն հանրությանը` ՙայն նույն պայմաններով, ինչպես որ այլ անձինք իրազեկում են կամ գովազդում են որեւէ այլ բան՚, սակայն առայժմ որեւէ պատասխան չի ստացվել: