Քաղաքաշինության նախարարությունը արգելել է Տիգրան Խզմալյանի ֆիլմի մասնակցությունը Վենետիկի բիենալեին

Քաղաքաշինության նախարարությունը արգելել է Տիգրան Խզմալյանի նկարահանած ՙՕպերա՚ 10-րոպեանոց ֆիլմի մասնակցությունը սեպտեմբերի 14-ից մինչեւ նոյեմբերի 14-ը Վենետիկում անցկացվող ճարտարապետական բիենալեին: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնեց ռեժիսորը:

Ճարտարապետ Աշոտ Արշակյանի անձնական միջոցներով նկարահանված այս ֆիլմը ներկայացնում է Ալեքսանդր Թամանյանի նախագծած օպերային շենքի պատմությունը` ստեղծման պահից մինչեւ մեր օրերը, կապելով այն բաբելոնյան աշտարակաշինության եւ հայ ժողովրդի որոշակի առաքելության հետ:

Բիենալեին ֆիլմի մասնակցության արգելման վերաբերյալ կոնկրետ բացատրություններ չեն տրվել, սակայն, հեղինակի ենթադրությամբ` պատճառ կարող էր հանդիսանալ այն հանգամանքը, որ այստեղ տեղ են գտել կադրեր, որտեղ պատկերված է 2008-ի օպերային թատրոնը` ոստիկաններով շրջապատված:

ՙԸնդամենը ուզում էինք ցույց տալ մի շենքի պատմությունը: Եթե մենք անեինք այդ շենքի պատմությունը եւ ցույց չտայինք 1988-ը կամ 2008-ը, դուք մեզ կհասկանայի՞ք՚, — ասաց Խզմալյանը` հավելելով. — ՙԻնչ-որ մարդկանց խավ իրենց իրավունք են վերապահում որոշել` ինչ կարելի է ցուցադրել, ինչ կարելի է դիտել: Իրենք փորձում են մենաշնորհ սահմանել մշակույթի, արվեստի մեջ, ճարտարապետության մեջ՚:

Ռեժիսորը նաեւ ենթադրում է, որ ֆիլմը արգելվել է այն պատճառով, որ հենց ինքն է հեղինակը:

Խզմալյանը աչքի է ընկնում բացախոսությամբ եւ իշխանությունների հանդեպ քննադատական դիրքորոշմամբ:

Սեպտեմբերի 26-27-ին արգելվել էր Տիգրան Խզմալյանի մեկ այլ` ՙՍարդարապատ՚ պատմավավերագրական ֆիլմի ցուցադրումը Երեւանի ՙՄոսկվա՚ կինոթատրոնում:

Հոկտեմբերի 10-ին նույն կինոթատրոնում արգելվել էր Տիգրան Պասկեւիչյանի` Երեւանի Կենտրոնի իրացման գոտում հայտնված շենքերի բնակիչների խնդիրներին նվիրված ՙՕտարում՚ վավերագրական ֆիլմի ցուցադրումը: