ՀՌԱԿ-ը եւ ՀԱԱԿ-ը միավորվեցին

Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցությունը (ՀԱԱԿ) վերակազմակերպման ճանապարհով միացել է Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությանը (ՀՌԱԿ):

Այդ մասին, ինչպես տեղեկացնում են ՀՌԱԿ-ի մամուլի ծառայությունից, համապատասխան գրանցում է կատարվել արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանում:

ՀՌԱԿ-ի ատենապետ Հարություն Առաքելյանը ՙԱզատություն՚ ռադիոկայանի հետ զրույցում կուսակցությունների միավորումը այսպես մեկնաբանեց. — ՙԻրոք, շատ են կուսակցությունները Հայաստանում: Կյանքը ստիպում է գնալ խոշորացման. միայնակ շատ բարդ է այսօր, մանավանդ արտախորհրդարանական կուսակցությունների համար: Դրա համար էլ միավորվել ենք, որպեսզի միասին աշխատենք եւ մեր ասելիքները ներկայացնենք ժողովրդին՚:

ՀԱԱԿ-ի նախագահ Էդուարդ Անտինյանը, իր հերթին, նշեց. — ՙԿուսակցությունները պետք է գաղափարական եւ արժեհամակարգային հիմքի վրա համախմբվեն, որպեսզի լուրջ դերակատարություն ունենան մեր երկրի քաղաքական գործընթացներում՚: Անտինյանը հատկապես կարեւորեց այն հանգամանքը, որ չնայած արտախորհրդարանական ուժ լինելուն` ՀՌԱԿ-ը կարողացել է ընդլայնվել:

Երկու կուսակցությունների միավորման մասին այլ կարծիքի է ՀԱԱԿ-ի հիմնադիր եւ նախկին ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը: ՙԱնունը ֆորմալ տարել-կպցրել են ռամկավարներին: Դա արդեն իրենց խնդիրն է: Մեկնաբանություններն ավելորդ են՚, — հայտարարեց նա: — ՙԵս այդ կուսակցության հետ հիմա կապ չունեմ: Վստահաբար կարող եմ ասել, որ նման կուսակցություն գոյություն չունի: Երբ մենք դուրս եկանք այդ կուսակցությունից, անդամների 85 տոկոսից ավելին ինձ հետ դուրս եկան, եւ մենք ստեղծեցինք Հայաստանի լիբերալ կուսակցությունը՚:

2007 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության հետ միավորվել են նաեւ ՙԴաշինք՚ եւ ՙԱզգային վերածնունդ՚ կուսակցությունները: