Տերյան 23 եւ 25 շենքերի բնակիչներին առաջարկվել է լքել իրենց շենքերը

Երեւանի Տերյան 23 եւ 25 շենքերը հայտնվել են իրացման գոտում: Քաղաքապետարանը Երեւանի կենտրոնում գտնվող` 1930-ականներին կառուցված այս շենքերի բնակիչներին առաջարկել է մոտակա ամիսների ընթացքում լքել իրենց բնակարանները` մեկ քառակուսի մետրի դիմաց ստանալով մոտ 1300 դոլար փոխհատուցում:

Տերյան 23 շենքի բնակիչ Վարդան Տերավետյանի խոսքերով, որոշվել է շենքը քանդել, քանի որ այն չի համապատասխանում շրջակա նորակառույցների արտաքին տեսքին. — ՙԱնցյալ տարի եկել են քաղաքապետարանից: Եկան, նայեցին բնակարանը, ինչ-որ նկարահանումներ արեցին եւ գնացին: Ոչ մի էքսպերտ` շենքի հետ կապված, սեյսմակայության եւ այլ հարցերով, չի եկել: Կամավոր գնահատել են` մեկին 100 դոլար ավել, մյուսին պակաս: Մենք համաձայն չեն մեր բնակարանները լքել նման պայմաններով՚:

Տերյան 25 շենքի բնակչուհի Անահիտ Միքայելյանը ՙԱզատություն՚ ռադիոկայանին տեղեկացրեց, թե երկու շենքերի բնակիչները նամակներ են հղել պատկան տարբեր մարմինների` խնդրելով վերանայել առաջարկվող փոխհատուցման գումարի չափը:

Երեւանի փոխքաղաքապետ Կարեն Դավթյանը ՙԱզատություն՚ ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց, որ խնդիրը շարունակելու են քննարկել բնակիչների հետ: Փոխքաղաքապետի պնդմամբ, սակայն, որպես փոխհատուցում առաջարկվող գումարով լիովին հնարավոր է բնակարան ձեռք բերել Երեւանի կենտրոնում: Դավթյանը չի բացառում, որ տվյալ տարածքում բնակելի շինություն կառուցելու դեպքում քննարկվի նաեւ տեղում բնակարաններ տրամադրելու հարցը: