Սարգիս Հացպանյանը քաղաքական ապաստան է խնդրում Ղարաբաղում

Ֆրանսահայ Սարգիս Հացպանյանը իրեն քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով գրավոր դիմել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին: Այդ մասին նա այսօր հայտնեց ՙԱզատություն՚ ռադիոկայանին տված հարցազրույցում:

Նախկին ազատամարտիկը նույն հարցով նաեւ հեռախոսազրույց է ունեցել Ղարաբաղի արտգործնախարար Գեորգի Պետրոսյանի հետ, խնդրելով գոնե քննարկել իր դիմումը, քանի որ, Հացպանյանի խոսքերով` ՙվտանգը լուրջ է, ինձ կարող են ապօրինի արտաքսել Հայաստանից, այդ դեպքում, միակ տեղը, որ կգամ` Լեռնային Ղարաբաղն է, ուրիշ տեղ ես չեմ գնա՚:

Սարգիս Հացպանյանը հայտնեց նաեւ, որ չնայած խոստմանը` իրավապահներն այսօր էլ իրեն չեն տրամադրել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մարտի 10-ի կարգադրությունը, որի հիման վրա ինքը կարող է արտաքսվել Հայաստանից. կարգադրությունը կարող է ուժի մեջ մտնել միայն այն դեպքում, երբ Հացպանյանը ստանա եւ ստորագրի այն:

Սարգիս Հացպանյանը ուրբաթ օրը ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Արթուր Մեհրաբյանի որոշմամբ տուգանվել է 50 հազար դրամի չափով` ՙՎարչական իրավախախտումների մասին՚ օրենսգրքի 201 հոդվածի 1-ին մասով նախատեսված զանցանքի՝ ՙառանց քաղաքացիական հատուկ կացության իրավունքի Հայաստան մուտք գործելու համար՚:

Ինչպես ուրբաթ ուշ երեկոյան ՙԱզատություն՚ ռադիոկայանին հայտնել էր Հացպանյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը, ոստիկանությունում կազմվել է արձանագրություն այն մասին, որ Սարգիս Հացպանյանը ստացավ Ռոբերտ Քոչարյանի կարգադրությունը. — ՙԴա ընդամենը ֆաքսից կատարված պատճեն էր, որի օրինականության վերաբերյալ Հացպանյանն արտահայտեց իր տարակուսանքը՚: Էլբակյանը ասել էր նաեւ որ, կասկածում է, թե այդ փաստաթուղթը կարող է եւ պատրաստված լինել ոստիկանությունում, քանի որ ոչ կնիք կա, ոչ էլ՝ ՙիսկականի հետ ճիշտ է՚ բառերը:

ՙՍա ապօրինություն էր, բնականաբար, մենք պետք է բողոքարկենք ե’ւ ոստիկանության որոշումը, ե’ւ կարգադրությունը: Եթե մի կարգադրություն կայացվել է մարտի 10-ին եւ դրա մասին մենք տեղեկանում ենք հիմա, դա չի կարող համարվել օրինական՚, — հավելել էր փաստաբանը:

ՙՈստիկանությունում ինձ ներկայացվեց երկու փաստաթուղթ, մեկը ոստիկանություն էր ուղարկվել ֆաքսով: Ես ասացի՝ ինչպես պետք է հավաստիանամ, որ դա վավեր փաստաթուղթ է: Նրանք խոստացան, որ վավեր փաստաթուղթը ինձ կհանձնվի երկուշաբթի, որ իմանամ՝ ինչ է դա, ով է կնքել, երբ՚, — նույն օրը ՙԱզատություն՚ ռադիոկայանին ասել էր Հացպանյանը:

Ըստ նրա, ոստիկանությունում իրեն տրամադրել են նաեւ անձնագրային եւ վիզաների վարչության պետի ստորագրությամբ մեկ այլ փաստաթղթի լուսապատճենը, համաձայն որի՝ վարչության պետը հաստատել է Ռոբերտ Քոչարյանի կարգադրությունը: Փաստաթղթում, ըստ Հացպանյանի, նշված է, որ անվավեր է ճանաչվում իր՝ 10 տարվա քաղաքացիական հատուկ կացության փաստաթուղթը:

ՙԱյդ թղթի բնօրինակը եւս պետք է տան երկուշաբթի՚, — ասել էր Հացպանյանը` հավելելով. — ՙԱպօրինությունները պիտի վերանան, Հայաստանը պիտի օրինական երկիր դառնա՚:

Անցած շաբաթ Սարգիս Հացպանյանը ՙԱզատություն՚ ռադիոկայանին պատմել էր հետեւյալը. — ՙՄարտի 1-ի տուժածներից եմ ես, այդ հարձակման ենթարկված անձանցից` Ազատության հրապարակում: Այդ հարձակումից հետո անմիջապես` հենց մարտի 1-ին, հասել եմ արցախյան ազատագրված տարածքներ, այդտեղ եմ գտնվել: Երեկ [հեկտեմբերի 8-ին] առաջին անգամ գիշերը ժամանել եմ Երեւան եւ ուզեցել եմ երեխաներիս տեսնել, կնոջս տեսնել.. Բայց իմանալով, որ ոստիկանությունը հսկում է տունը` չեմ մոտեցել: Ամսի 8-ին հանդիպել եմ լրագրողների, իրավապաշտպանների, կապվել եմ նաեւ Հայ ազգային կոնգրեսի պատասխանատու անձանց հետ, պատմել եմ եղելությունը, ասել եմ, որ այսպիսի իրավիճակ է, բայց անպայման ուզեցել եմ երեխաներիս եւ կնոջս տեսնել ու եկել եմ տուն: Տուն գալուցս մի 10-15 րոպե հետո ոստիկանությունը արդեն եկել է, որ իրենց հետ գնամ: Մերժել եմ դուրս գալը, որովհետեւ ես ապօրինի գործողություն կատարելու բոլորովին պատրաստ անձնավորություն չեմ, օրինապաշտ եմ, օրենքի շրջանակներում եմ եղել միշտ եւ որեւէ օրենք չեմ խախտել՚:

Դրանից հետո մինչեւ ուրբաթ օրը Հացպանյանը տնից դուրս չէր եկել: Ոստիկանությունն այդ ամբողջ ընթացքում հսկում էր նրա բնակարանը: Իսկ ուրբաթ օրը ոստիկանների ուղեկցությամբ տարվել էր Ոստիկանության Կենտրոնի բաժին, որտեղ էլ ուշ երեկոյան կայացվել էր նրան տուգանելու մասին որոշումը: