Չորս մարզերում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ

Կիրակի օրը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին Արարատի, Կոտայքի, Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերի 282 համայնքներում:

11 քաղաքապետների ընտրություններից ամենաակտիվ մասնակցությունը, պաշտոնական տվյալներով, գրանցվել է Ծաղկաձորում` ընտրողների 84 տոկոսը: Ամենացածր ակտիվությունն արձանագրվել է Աբովյան քաղաքում` 51 տոկոս:

Ծաղկաձորում գրանցվել էր երկու թեկնածու` անկուսակցական, գործող քաղաքապետ Գարուն Միրզոյանը եւ հանրապետական Վարդան Միրզոյանը: Նախնական տվյալներով, գործող քաղաքապետի օգտին տրված ձայները կրկնակի շատ են նրա մրցակցի ստացած քվեներից:

Աբովյանում գրանցվել էր մեկ թեկնածու` 29-ամյա Կարապետ Գուլոյանը, ով Ազգային ժողովի պատգամավոր Մուրադ Գուլոյանի որդին է եւ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան:

Կոտայքի մարզի մի շարք գյուղերում եւս ընտրություններն անցել են մեկ թեկնածուի պարագայում. Քասախ գյուղում` հանրապետական թեկնածու, Արամուսում, Զովաշենում, Պտղնիում` ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության անդամներ:

ՙԲարգավաճ Հայաստան՚-ի թեկնածուն առավել թվով ձայներ է հավաքել Մասիսի քաղաքապետի ընտրություններում. Դմիտրի Նազարյանը ստացել է 4352 ձայն` առավելություն ստանալով Հանրապետական կուսակցության անդամ, գործող քաղաքապետ Սաշա Հակոբյանի նկատմամբ, ով ստացել է 3917 քվե:

Սյունիքի մարզկենտրոն Կապանում նույնպես գործող հանրապետական քաղաքապետի նկատմամբ առավելության է հասել կոալիցիոն գործընկերը. այստեղ Դաշնակցության ներկայացուցիչ, գործարար Արթուր Աթայանը 10590 ձայնով հաղթանակ է տարել 7571 ձայն հավաքած գործող քաղաքապետ Արմեն Կարապետյանի նկատմամբ: Դեռ երկու ամիս առաջ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հայտարարել էր, որ սատարում է Կարապետյանին:

Նույն մարզի Սիսիան քաղաքում 6 թեկնածուներից, նախնական տվյալներով, ամենամեծ թվով ձայները հավաքել է Աղասի Հակոբջանյանը` ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունից, իսկ գործող քաղաքապետ Լավրենտի Սարգսյանը պարտություն է կրել:

Այստեղ, սակայն, ամփոփիչ արձանագրություններում անճշտությունների թիվը գերազանցում է թեկնածուներից երկուսի օգտին տրված ձայների տարբերությունը. Հակոբջանյանը ստացել է 2000, դաշնակցական Տիգրան Պողոսյանը` 1939 քվե, մինչդեռ գրանցվել է 335 անճշտություն:

Հակոբջանյանը դիմել է վերահաշվարկի պահանջով` պնդելով, թե ընտրություններն անվավեր ճանաչելու հիմքեր չկան: Վերահաշվարկը կկատարվի հոկտեմբերի 15-ին: