Բլոգային շաբաթն ու գլոբալ ճգնաժամերը

Ռուս-Վրացական պատերազմը սասանեց Արեւմուտքի քաղաքական գերիշխանությունը, իսկ ամերիկյան վարկային ճգնաժամը մարտահրավեր է նետել նաեւ Արեւմուտքի տնտեսական գերակայությանը: Աշխարհի դեմքը փոխվում է. Իսկ փոքրիկ Հայաստանն ու փոքրաթիվ հայկական բլոգերն հայտնվել են աշխարհաքաղաքական վերադասավորումների ջրապտույտում:

«Ինձ անհանգստացնում է տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունների փոփոխությունը»,_գրում է Athanatoi բլոգը, «93 թվականից ձեւավորված ապահովության համակարգը փլուզվել է եւ լիակատար վերաձեւակերպում է ապրում: Ընդ որում, Ռուսաստանը գնալով ավելի սառնորեն է վերաբերվում Հայաստանին՝ նախընտրելով թուրք-ադրբեջանական գոտին»:

Փոխվել է նաեւ Ամերիկայի քաղաքականությունը Կովկասի նկատմամբ, փաստում է Մարկ Գրիգորյանը. «Երեկ Բի-բի-սիին տված հարցազրույցում Մեթյու Բրայզան ասաց, որ ղարաբաղյան խնդրի կարգավորումը պետք է իրագործվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա», գրում է լրագրողն իր բլոգում եւ մանրամասնում. «Այս հայտարարության նորությունը կայանում է նրանում, որ, որքանով ինձ հայտնի է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախկինում երբեք այս արտահայտությունը ուղղակիորեն միջազգային լրատվամիջոցներով չեն հնչեցրել»: Մտահոգված Մարկ Գրիգորյանը ենթադրում է, որ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» մասին խոսելով Միացյալ Նահանգները պատասխան են տալիս Ռուսաստանին` Վրացական իրադարձությունների համար, սակայն ամերիկյան քաղաքականության փոփոխությունը կարող է փակուղի մտցնել ղարաբաղյան հակամարտության լուծումը:

Ինչեւէ, համաշխարհային տնտեսական ճգնաժամը այնպիսի հարվածներ է հասցնում ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին, որ երկու գերտերությունների քաղաքական օրագարգում շուտով Ղարաբաղյան ճգնաժամի համար տեղ չի մնա: «Ռուսական ֆոնդային բորսան չորեքշաբթի կտրուկ անկում արձանագրեց»,_գրում է Kornelij Glas-ը,«Հա, մոռացա ասել. Նավթի գներն էլ $89 ցածր են իջել»:

Շարունակվում է նաեւ ամերիկյան տնտեսական ճգնաժամը, չնայած կառավարության կողմից հատկացված $700 միլիարդ դոլարի օգնությանը, արձանագրում է ամերիկահայ բլոգեր Նազարյանը: Արդյոք կարելի՞ է խոսել ԱՄՆ-ի կործանման մասին, հարցնում է նա, անդրադառնալով բլոգերում հնչող կարծիքներին, թե ռուսական տնտեսությունը շուտով առաջ կանցնի ամերիկյանից:

«Թվերն այլ բան են ցույց տալիս»,_գրում է Նազարյանը:.«Թեեւ մեր (ամերիկյան) ցուցանիշներն անկում են ապրել, Ռուսական ինդեքսը նույնպես ընկել է: S&P 500 ցուցանիշն ընկել է 26%-ով: Ռուսական RTS-ն անկում է ապրել 50%:

Ռուսաստանն առաջ է անցնում ԱՄՆ-ի՞ց: Այդ երկրում կոմունիստների իշխանության գալուց ի վեր նրանց երազանքն էր հասնել եւ անցնել Ամերիկայից: Վերջին 90 տարիներին նրանք փորձում են դա անել, սակայն չեմ կարծում, որ անգամ գալիք 90 տարիների ընթացքում դա նրանց կհաջողվի: Թեեւ 1998-ից Ռուսաստանը սկսել է բարգավաճել, այդ երկրի տնտեսությունը շարունակում է թերզարգացած մնալ տեխնոլոգիաների եւ արդյունաբերության ասպարեզում: Նրա տնտեսության շարժիչ ուժը հանքարդյունահանումն է, որը չի կարող զարգացման հիմք հանդիսանալ»:

Վերադառնանք Հայաստան: Ազգային ժողովում հնչած նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը նույնպես ակտիվ քննարկումներ է առաջ բերել բլոգերում:

«Գիտե՞ք ինչում է կայանում Քոչարյանի եւ Սարգսյանի տարբերությունը»,_հարցնում է Ուզողն իր ընթերցողներին.«Քոչարյանը երկիրը պատկերացնում էր որպես քաղաքական համակարգ: Սարգսյանը` որպես տնտեսական: [] Սարգսյանն ուզում է Հայաստանի խնդիրները լուծել, որովհետեւ նա տեսնում է տնտեսական դժվարություններ: Սարգսյանը մտածում է զիջումների տրամաբանությամբ, քանի որ նա փնտրում է տնտեսապես առավել ձեռնտու լուծումներ: Սարգսյանը հասկանում է, որ անլուծելի խնդիրներ չկան»:

Նախագահի ուղերձի մասին այլ կարծիքի է Մարկ Գրիգորյանը, որն ակնկալում էր Սերժ Սարգսյանի անդրադարձը.

  • Հայաստան-Թուրքիա հարաբերություններին
  • Ղարաբաղյան հակամարտությանը
  • Վրաց-ռուսական կոնֆլիկտին
  • Մարտի 1-ի իրադարձություններին:

«Դուրս է գալիս, որ ամենակարոր հարցերը լռության մատնվեցին»,_եզրակացնում է Մարկ Գրիգորյանը:

Advertisements