Հոգեւոր ու աշխարհիկ բլոգոսֆերան

Հոգեւոր եւ աշխարհիկ, համաշխարհային ու համահայկական էր շաբաթն հայկական բլոգոսֆերայում:

Սեպտեմբերի 28-ին կատարված Մյուռոնօրհնության նվիրական արարողությանը մասնակցած Քրիսթիան Գարբիսը պատմում է.

Այս արարողությունը յոթ տարին մեկ անգամ է իրականացվում, այնպես որ չէի կարող չգնալ: Ներկա էին աշխարհասփյուռ հայկական համայնքներից ժամանած արքեպիսկոպոսներ, կրոնավորներ եւ եկեղեցու այլ ներկայացուցիչներ:

Մեռոնը հիմնականում կնքման արարողության համար է, սակայն այլ կիրառություններ եւս ունի: Այն համարվում է Հայկական Քրիստոնեության եւ Եկեղեցու սրբազնագույն կողմերից մեկը:

Նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես ներկա էր արարողությանը եւ Կաթողիկոս Գարեգին II-ին ուղեկցում էր վանքից դեպի բացօթյա խորանը, որտեղ Մեռոնօրհնեքը տեղի ունեցավ: Տեսարանն հակասական էր ինձ համար, չէ որ տոնակատարությունը կրոնական միջոցառում էր, ոչ թե պետական նշանակության արարողություն: Նախագահի ներկայությունը որոշ խառնաշփոթ էր ստեղծել, քանի որ թիկնապահներն ու ոստիկանները շարժվող թափորի ճանապարհին հայտնված մարդկանց հրում էին դեպի ամբոխը:

Ընդհանուր առմամբ այդեղ գտնվելը հոյակապ մի փորձառություն էր:

Աշխարհիկ խնդիրներին անդրաձարձող բլոգերների փորձառությունը դժվար է հոյակապ անվանել: Օննիկ Գրիգորյանը հրապարակել է Հյուսիսային Պողոտայում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած ընդդիմադիր հանհարահավաքի լուսանկարները`Կենտրոնի թաղապետի թեկնածու Արարատ Զուրաբյանի, նրա աջակիցների, Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ պատի տակ խաղաղ կանգնած ոստիկանների դիմանկարներով եւ արձանագրել, որ հավաքը արտոնված չէր, փոքրաթիվ էր եւ ապացուցում էր, որ «Հայերը, ցավոք, ավելի շատ հետաքրքրված են նախագահական ընտրություններով, այլ ոչ թե տեղական կամ նույնիսկ խորհրդարանային»:

Սեպտեմբերի 28-ին Երեւանի Կենտրոն համայնքում անցկացված ընտրությունների արդյուքներն է արձանագրել Ուզողը` Գագիկ Բեգլարյան — 22369; Արարատ Զուրաբյան — 8085: «Զգացեք տարբերությունը, ընկերներ», կոչ է անում բլոգը, արձանագրելով, որ ընտրության օրը ժամը 22:08-ից ընդդիմադիր լրատվամիջոցները լռության են մատնվել. «Երեվի ակնհայտ դարձավ, որ հաղթական ճիչերը համարժեք չեն», չարախնդում է Ուզողը:

Օֆիսային Զոմբին ու Նայսայկուսը դժգոհ են Կենտրոնի ընտրություններից: «Ահավորության վերջին աստիճանին ենք հասնում…»,- ասում է նրանցից առաջինը: Երկրորդը շարադրում է գործող եւ վերընտրված թաղապետի` Գագիկ Բեգլարյանի գործունեության մասին իր պատկերացումները, թաղապետին ներկայացնելով որպես պաշտոնյա, ով վաճառքի կետերն այնպես է տեղադրել Աբովյան փողոցում, որ մարդիկ իրենց զգում են ինչպես թունելում, իսկ Կենտրոնի աղբահանության հարցը այդպես էլ չի կարողանում լուծել:

Բլոգերները մեծ ուշադրություն են հատկացրել նաեւ հայկական տնտեսության վրա ամերիկյան վարկային ճգնաժամի սպասվող ազդեցությանը: Առավել անհանգստացած է Նազարյանը, կանխատեսելով արտասահմանում աշխատող մեր հայրենակիցների կողմից Հայաստան ուղարկվող գումարային փոխանցումների ծավալի կրճատում:

Համաշխարհային զարգացումները Փղին քիչ են հուզում` նա շուրջերկրյա ճանապարհորդություն է կատարել Հայաստանով ու իր բլոգը հեղեղել հարավային լեռնա-Հայաստանի լուսանկարներով` Գորիս, Կապան, Տաթեւ, Քաջարան, Մեղրի:

517դիզայնը շատ ավելի կարճ ճանապարհ է անցել` Հին Նորքի կամրջից Բաղրամյան պողոտա` նորաբաց շրջանցիկ ճանապարհով:

Մեքենաներ քիչ կային, բոլորը սովորույթի ուժով շարունակում են մեքենան վարել քաղաքի կենտրոնով` անվերջանալի խցանումների պատճառ դառնալով, բայց կարծում եմ, որոշ ժամանակից կենտրոնը զգալիորեն կբեռնաթափվի:

Լուսանկարները` (ըստ հերթականության) Քրիսթիան Գարբիսի; Օննիկ Գրիգորյանի; Փղի; 517դիզայնի