Հայերն ու իրենց անկախությունը…

Բլոգերում Հայաստանի Երրորդ Հանրապետության անկախության 17-րդ տարեդարձը հիմնականում եռագույն էր ու խոհափիլիսոփայական, տեղ-տեղ խենթանալու չափ ուրախ, տեղ-տեղ մտածկոտ ու սոցիալ-քաղաքականացված:

CaucasusNow բլոգը նույնիսկ մրցույթ էր նախաձեռնել` բոլոր ցանկացողներին հրավիրելով բլոգում հրապարակումներ կատարել անկախության թեմայով եւ խոստանալով գրավիչ մրցանակ` անհատական վեբ-կայքի պատրաստում: Ընդ որում բլոգում արդեն հայտնվել է երեք գրառում`«անվերնագիր» այլաբանական այլաբանությունը, որը երեւի հայկական հողի մասին է, «Անկախություն միայն թղթի վրա…» վերլուծականը Հայաստանի անկախության ու Ռուսաստանից կախվածության մասին, որը հեղինակը գնահատում է որպես փոքր, բայց անհրաժեշտ չարիք, եւ «Էս էլ մեր անկախ Հայաստանը»` վավերագրական պատմվածքը Ղարաբաղյան պատերազմի, անկախության ու անկախությունից հուսախաբության մասին:

Սեպտեմբերի 21-ի մասին գրել է Սեպտեմբերի 21 բլոգը.

…ես չեմ ուզում այսօր խոսել բոլոր այն սրիկաների մասին, որոնք իրենց ծախվածության կամ ուղղակի` տգիտության պատճառով ընդունակ չեն Պետականություն ասվածը ըմբռնելու, եւ իրենց արարքներով անվանազրկում են ամենափառավոր արժեքը` ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ: Չեմ խոսի նաեւ այն օտարամոլ սրիկաների մասին, որոնք քանդում ու քայքայում են Հայաստանը, նվիրում իրենց տերերին (ռուսին, թուրքին, յանկիներին… Այսօր իմ տոնն է, եւ ես ցանկանում եմ ուրախանալ:
[]
Հայաստանի Հանրապետության ՔԱՂԱՔԱՑԻ, շնորհավոր ու նաեւ շնորհակալություն 17 տարի առաջ այս օրը կատարածդ ընտրության համար.

«Երրորդ հանրապետության անկախության մեկ տարին էլ անցավ. երկրի կարճատեվ պատմության մեջ ամենածանր տարիներից մեկն էր սա, բայց դիմացանք: Դե, кризисов боятся — в лес не ходить, այնպես որ ամեն ինչ նորմալ է, կարեւրը ճիշտ դասեր քաղելն է», գրում է Moonleight բլոգը:

LiveJournal բլոգային համայնքում իսկական տոն է` հայկական եռագույնի ու շնորհավորանքների տեղատարափ: Մարկ Գրիգորյանը հիշել է սովետական տարիների այն դիսիդենտներին, ովքեր պայքարում էին Հայաստանի անկախության համար: Գրառման մեջ իրենց արժանի տեղն են գտել Պարույր Հայրիկյանը, Վրեժ Մարկոսյանը, Աշոտ Նավասարդյանը, Ազատ Արշակյանը, Ռաֆաել Պապայանը եւ այլոք:

Unzipped բլոգի շնորհիվ էլ տեղեկանում ենք Լոնդոնում եւ Հավայան կղզիներում տեղի ունեցած Հայաստանի Անկախության Տոնակատարությունների մասին: Ընդ որում, Հավայան կղզիներում եղել է «ընտիր ուտելիք», իսկ Լոնդոնում` ընտիր երաժշտություն: Հայերն ամենուր են եւ ամենուր տոնում են Հայաստանի անկախությունը, իսկ հայ բլոգերները` արձանագրում են, մեկնաբանում եւ ուրախանում բոլորի հետ միասին:

ԿԵՑՑԵ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ…

Advertisements