Ազնավուրը չի մասնակցի Հայաստան-Թուրքիա խաղին

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակում սփյուռքահայ մեծանուն երգիչ Շառլ Ազնավուրը հույս է հայտնել, որ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի երեւանյան այցը. ՙկարձանագրի քայլ առաջ` երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՚: Անակնկալ առողջական խնդիրները մեծանուն երգչին խանգարել են այսօր Երեւան գալ, չնայած, Ազնավուրի ձեւակերպմամբ` այս կարեւոր պահին ՀՀ նախագահի կողքին լինելու մեծ ցանկությանը:

Այսօր Երեւանում կայանալիք ֆ‎‎‎‎‎ուտբոլի աշխարհի առաջնության ընտրական Հայաստան-Թուրքիա խաղին Թուրքիայի նախագահի մասնակցության խնդիրը միանշանակ չի ընդունվել սփյուռքահայության շրջանում: 

Մասնավորապես, Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ԱՆԿԱ) հայտարարություն է տարածել, որտեղ ասված է. ՙԱյս նախաձեռնության հաջողությունն ապահովելու համար Թուքիայի իշխանությունները պետք է այն դիտարկեն որպես կայուն խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն, ոչ թե Հայոց Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ աճող միջազգային ճնշումները թեթեւացնելուն ուղղված ձեւական քայլեր՚:

Աբդուլա Գյուլի այցի մասին լուրը զգուշությամբ է ընդունել նաեւ Արդարության եւ ժողովրդավարության Եվրո-Հայկական Ֆեդերացիան, որը հանդես գալով Եվրոպայի հայերի անունից` հայտարարել է, որ անհրաժեշտ է բարելավել Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, սակայն զգոնության կոչ է արել` հաշվի առնելով այս ասպարեզում Թուրքիայի նախկին բացասական քայլերը, եւ հրավիրել Թուրքիայի նախագահին այցելել Ծիծեռնակաբերդ` ի հավաստումն իր բարի մտադրությունների: