Օգոստոս ամիսը աննախադեպ էր լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնություններով

2008 թվականի օգոստոս ամիսը աննախադեպ էր լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնություններով:

Թվարկենք այդ դեպքերն ըստ ժամանակագրության.

1. Օգոստոսի 1-ին Աշտարակ քաղաքում բերման է ենթարկվել եւ մոտ մեկուկես ժամ ոստիկանական բաժանմունքում պահվել «Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական հարցերով պատասխանատու Գագիկ Հովակիմյանը, որը խմբագության մեքենայով Աշտարակ էր տարել լրագրող Աննա Զախարյանին` լուսաբանելու քաղաքի իրավիճակը (մասնավորապես` տրանսպորտի չաշխատելը) ընդդիմության նախատեսած հանրահավաքի օրը: Լրատվամիջոցի աշխատակցի նկատմամբ ապօրինի բռնություն իրականացրած ոստիկանները մինչ այժմ պատասխանատվության չեն ենթարկվել` չնայած խմբագրության պահանջներին:

2. Օգոստոսի 5-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանի կարգադրությամբ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը մի քանի ժամ անցկացրել է անազատության մեջ: Շամշյանը, որը ցանկանում էր լուսանկարել «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի դեմ դատաքննությունը, արգելանքի տակ է պահվել դատարանի նկուղային հարկում, այնուհետեւ նրան տեղափոխել են ոստիկանության Կենտրոնի բաժին:

3. Օգոստոսի 6-ին, նույն դատավարությունը լուսաբանող «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանը դատավարի հրահանգով բռնության է ենթարկվել դատական կարգադրիչների կողմից. վերջիններս Վեզիրյանին քաշքշելով եւ հարվածելով, տեղափոխել են դատարանում գտնվող ամբաստանյալների պահման սենյակ£ Այստեղ լրագրողին տարբեր հանցագործությունների մեջ մեղադրվողների հետ միեւնույն սենյակում պահել են մոտ մեկուկես ժամ, որից հետո տեղափոխել են ոստիկանության Կենտրոնի բաժին:

4. Օգոստոսի 11-ին, տնից դուրս գալուց հետո ծեծի է ենթարկվել «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Լուսինե Բարսեղյանը: Վերջինս տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ ենթարկվել է բժշկական հետազոտության: Բժիշկները նրա մոտ արձանագրել են գլխի սալջարդ եւ հեմատոմա£ Հարուցվել է քրեական գործ, սակայն հանցագործները մինչ այժմ հայտնաբերված չեն:

5. Վերջապես` օգոստոսի 18-ի երեկոյան մայրաքաղաքի կենտրոնում հարձակման եւ ծեծի է ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի Երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Հրաչ Մելքումյանը:

Այսպիսով, 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո հանդուրժողականության մթնոլորտ ակնկալող հասարակությունը ականատեսն է դառնում ազատ խոսքի հանդեպ բռնությունների նոր ալիքի: Սա տեղի է ունենում այն դեպքում, երբ ակնկալվում էր, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է քայլեր ձեռնարկի հնարավորինս արագ իրականացնելու ԵԽԽՎ 1609 («Ժողովրդավարական ինստիտուտների գործառույթը Հայաստանում») եւ 1620 («Վեհաժողովի 1609 (2008) բանաձեւի կատարումը Հայաստանի կողմից») բանաձեւերը, որոնք ենթադրում են բարեփոխումներ նաեւ խոսքի ազատության ոլորտում:

Մեզ` հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներիս խորապես մտահոգում է այն, որ ոչ միայն պահպանվում է ՀՀ իշխանությունների ավանդական դարձած անգործությունը, այլեւ, որ դատական ու իրավապահ մարմինների պաշտոնյաներն են դառնում լրագրողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտողներ:

Մենք ահազանգում ենք. մամուլի նկատմամբ բռնություններն արդեն վտանգավոր սահմանագծին են հասել, եւ իշխանությունների ներկայացուցիչները պետք է ոչ թե վերացական մտահոգություններ հայտնեն եւ կոչեր անեն, այլ արդյունավետ քայլեր ձեռնարկեն, որպեսզի բռնություններ ու ապօրինություններ իրականացրած բոլոր անձինք հայտնաբերվեն եւ, անկախ զբաղեցրած պաշտոնից, պատժվեն օրենքի ողջ խստությամբ:

Երեւանի մամուլի ակումբ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Վանաձորի մամուլի ակումբ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

21 օգոստոսի 2008 թ.