«Չանձնավորված» մշակույթ


Խիստ ուշագրավ խմբագրականով էր հանդես եկել Արամ Աբրահամյանը`«Առավոտի» օգոստոսի 16-ի համարում.

Ընդհանրապես ինձ թվում է, որ մեր ժամանակների դժբախտությունը ոչ թե այս կամ այն դիրքորոշումը ունենալն է, այլ դիրքորոշումների անհայտ ծագումն է, դրանց ոչ անձնավորված, անանուն լինելը: Օրինակ, հենց տվյալ դեպքում [խոսքը «Հիմա» շարժման չհայերի ցուցակի մասին է] ես ուզում եմ իմանալ, թե ով է այն «հայը» եւ «մարդը», որը Ռոբերտ Ամիրխանյանին «չհայ» կամ «չմարդ» է համարում: Եթե այդ կարծիքի հեղինակը ներկայանա, ապա ես կխնդրեմ նրան ապացուցել, որ ինքը Հայաստանի եւ հայերի փառքի համար ավելի շատ բան է արել, քան իմ կողմից հարգված կոմպոզիտորը:

Առավոտի հարգարժան խմբագիրը ժամանակ է գտել փորփրելու հայկական ֆորումա-բլոգային աղբանոցները եւ հանգել այն եզրակացության, որ հենց «ինտերնետն է մեր կյանք ներմուծել այդ «չանձնավորած» մշակույթը»: Իհարկե, կարելի է փորձել հակաճառել, որ հայկական ֆորումներում եւ բլոգերում nickname-կեղծանուններով հանդես եկող մարդիկ առանձնապես չեն էլ թաքցնում իրենց իրական անուն ազգանունը, եւ որ մի բուռ Հայաստանի մի ճկույթաչափ ինտերնետ հանրության մեջ անհայտ եւ չբացահայտված մնալը գործնականում անհնար է: Ինչեւէ, չի կարելի չհամաձայնվել Առավոտի խմբագրի հետեւյալ դատողության հետ.

Իսկ ահա ինտերնետ քննարկումներում, բլոգերում, ֆորումներում nickname-ի հետեւը թաքնված ինչ-որ «գեւոները» կամ «ժիրոները» վիրտուալ կերպարներ են ու կարող են գրել մեր՝ ռեալ մարդկանց մասին ինչ-որ խելքներին փչի, այդ թվում՝ վերջին հայհոյանքներ, եւ որեւէ պատասխանատվություն դրա համար չկրել:

Իսկապես, հայկական ինտերնետում կան մի քանի վիրտուալ «գեւոներ» եւ «ժիրոները», որոնք ամբողջ եռանդով հայհոյում են ռեալ մարդկանց: Այնուամենայնիվ, չեմ կարող չնկատել, որ «ինտերնետ քննարկումներում, բլոգերում, ֆորումներում» ավելի հաճախ կարելի է հանդիպել լուրջ եւ ծանրակշիռ քննարկումների, քան հայհոյախոսության, նամանավանդ որ, հատկապես բլոգերը Հայաստանում հիմնականում անձնավորված են` բլոգերի տերերի 99%-ի մտքով էլ չի անցնում թաքցնել իրենց իսկությունը: Ընդ որում, համաձայնելով Արամ Աբրահամյանի դիտարկման հետ` «ֆորումներ ու բլոգեր կարդալը երբեմն ուսանելի է: Մանավանդ՝ հոգեբույժների համար», սիրով կավելացնեի` նաեւ լրագրողների, քաղաքական գործիչների, վերլուծաբանների եւ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար, քանի որ, Առավոտի խմբագրական սյունակից բացի, Հայկական ոչ մի թերթում ես չեմ կարողանում գտնել այն կենդանի, սուբյեկտիվ, գուցեեւ սխալ, բայց խիստ անձնավորված շփումը հեղանակի հետ, որը կա բլոգերում: Տեղեկատվական գերհագեցման այս դարում մարդիկ ավելի ու ավելի հաճախ են դիմում «սուբյեկտիվ զտիչների» օգնությանը եւ իմ համեստ կարծիքով, հենց սուբյեկտիվ-բլոգային մշակույթն է պայմանավորելու լրատվամիջոցների ապագան: