Ա1պլյուսն հաղթեց Եվրադատարանում

Հունիսի 17-ին հայտնի դարձավ, որ Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանը բավարարել է “Մելտեքս” ՍՊԸ-ի եւ նրա նախագահ Մեսրոպ Մովսեսյանի հայցը ընդդեմ Հայաստանի Հանրապետության, համարելով, որ վեց տարի առաջ՝ 2002թ. ապրիլին “Ա1+”-ի եթերազրկմամբ խախտվել է հեռուստաընկերության խոսքի ազատության իրավունքը:

Ա1պլյուսի բլոգը չի զսպում ուրախությունը՝ Ուռաաաաաաաա… “Ա1+” հաղթեց Եվրոդատարանում, եւ նշում, որ Հայաստանյան իշխանությունները պարտավորվում են 30000 եվրո տուգանք վճարել “Մելտեքս”-ին, որից 10000 եվրոն պետք է փոխանցվի անգլիացի փաստաբաններին: Օգոստոսը ուրախ է, բայց եւ զգուշավոր.

«Ես երեւի սպասեմ դատական որոշման պաշտոնական տեքստին: Եվ եթե, թու-թու-թու` աչքով չտամ, ամեն ինչ իսկապես այդպես է, հենց այսօր կնշեմ իմ անձնական դեմոկրատական եւ ազատական արժեքների հաղթանակը»:

Մարկ Գրիգորյանը հեռավոր Լոնդոնից զանգել է Ա1+` Մեսրոպ Մովսեսյանին ու համոզվել. ամեն ինչ ճիշտ է:

Եթե Ա1+-ը եթեր դուրս գալու հնարավորություն ստանա, հայ հեռուստադիտողը կարծիքների բազմազանության հնարավորություն կստանա: Կվերադառնա տարբեր տեսակետների եւ դիրքորոշումների միջեւ ընտրություն կատարելու` հեռուստադիտողի իրավունքը: Իսկ դա` քաղաքացիների, հետուաբար նաեւ երկրի օգուտն է: Դրա համար ես գտնում եմ, որ Եվրոպական դատարանի որոշումը Հայաստանի օգտին է:

Իհարկե, շատ բան կախված կլինի նախագահի բարի կամքից` քանի որ դատարանը չի պարտադրել Ա1+-ին վերադարձնել իր հաճախականությունը, այլ որոշել է, որ Հեռուստատեսության ու Ռադիոյի Ազգային Հանձնաժողովի որոշումը անհիմն էր:

Վերլուծելով դատարանի որոշումը, Նազարյանը դժգոհում է, որ տուգանքի գումարը վճարվելու է ՀՀ բյուջեից, իսկ գործնականում շատ բան չի փոխվում.

Սա պարզապես նշանակում է, որ ՀՀ իշխանությունները կարող են 30,000 եվրո չնչին վճարով ոտնահարել խոսքի ազատությունը:

Թվերի ու փաստերի մեջ խորամուխ լինելով, Փիղը իր հերթին եզրակացնում է, որ Ա1+-ի համար սա պարզապես «Պյուռհոյան հաղթանակ է», հեռուստատեսության հիմնական հայցերը չեն բավարարվել, պահանջվող գումարների միայն չնչին մասն է փոխահատուցվելու: Փղի համար անհասկանալի է` ընդհանրապես ինչո՞ւմ է կայանում Ա1+-ի հաղթանակը:

Ասես ի պատասխան, Անզիպպդը գրում է.

«Այս որոշումը չի նշանակում, որ Ա1+-ը կրկին եթեր կվերադառնա: Այլ կերպ ասած` որոշումը չի պարտադրում իշխանություններին դա անել»:

Սակայն, «Այսուհետեւ այս խնդիրը միշտ կլինի Հայաստանի իշխանության կողմից այպես ջանադրաբար ցուցադրվող «դեպի Եվրոպա» ուղղության օրակարգում» եւ չնայած «հայկական իշխանությունները կցանկանան որոշումը ներկայացնել պարզապես որպես 30,000 եվրո Ա1+-ին վճարելիք գումար` որպես վնասների եւ ծախսերի փոխահատուցում, միեւնույնն է` նրանք այլեւս չեն կարողանա խուսափել այս խնդրից»: