Կրիմինալ շաբաթ՝ դիփ խափում ին ու խափում…

Գողությունների, խաբեբայության, կաշառակերության ու սրբապղծության դեպքերն անցյալ շաբաթվա գլխավոր թեման էին հայկական ինտերնետային օրագրերում։

Այսպես՝ Ahousekeeper-ը հաղորդում է, որ թալանել են Panorama.am տեղեկատվական կայքէջի խմբագրությունը։ «Գողերը տարել են մի քանի համակարգիչներ, կապի միջոցներ, ձայնագրող և լուսանկարող սարքեր»։ Nazarian-ն էլ նշում է, աշխարհի զարգացած երկրներն ունենում են «հասուն օրենքի իշխանություն», մինչդեռ Հայաստանում գերակայում է «հասուն ավազակապետությունը», որի պայմաններում այն բիզնեսմենները, ովքեր փորձում են գործել օրենքի շրջանակներում, հաջողության չեն հասնում, մինչդեռ «ավազակապետական շրջանակների» հետ կապ ունեցող գործարարները բարգավաճում են։ Որպես օրինակ բլոգերը տեղեկացնում է, որ փակվել է Երեւանի Աբովյան փողոցում գործող «Փարիզյան սրճարանը», եւ հրապարակում է սրճարանի տիրոջ՝ Վալերի Գործունյանի նամակը, որով վերջինս մեկնաբանում է փակման դրդապատճառը, փաստելով, որ իր գործընկերն ու աշխատողները պարբերաբար թալանել են իրեն, իսկ երբ սրճարանատերը փորձել է դիմել դատարան, Հայաստանի արդարադատության համակարգը վերջինիս հուսահատության է հասցրել.

Արդարադատությունն ու դատարանը նրա համար է, որ բռնի գողի ձեռքը… սակայն դա այդպես է ամենուր, բացի իմ սիրելի Հայաստանից, որտեղ արդարադատությունը կոռումպացված է ոսկորներից ու արմատից, որտեղ այն բանակցում է մեղավորի հետ, որտեղ այն թույլից վերցնում է ունեցվածքը, որ բաժանի ուժեղի հետ, որտեղ այն ճշմարտությունից ավելի փողն է նախընտրում:

Alefalef բլոգրը պարզել է, որ իրեն թալանելու փորձ է արել Բիլայն ընկերությունը։ Համեմատելով մարտ եւ ապրիլ ամիսների հեռախոսազանգերի արտատպվածքը, վերջինս հայտնաբերել է, որ նույն խոսակցությունների համար հաշիվ է ներկայացվել ինչպես մարտի, այնպես էլ ապրիլի վճարումների հաշիվների մեջ։

Համակարգչային ծրագրերի գողությանն էլ անդրադարձել է Մունետիկ բլոգը.

Հայաստանը գլխավորում է աշխարհի այն երկրների ցուցակը, որտեղ մեծ տարածում ունեն համակարգչային ապօրինի ծրագրերը: Նման տեղեկություն է պարունակվում Business Software Alliance կազմակերպության այսօր հրապարակված զեկույցում: DPA գործակալության վկայությամբ՝«սեւ ցուցակում» Հայաստանին հետեւում են Բանգլադեշը եւ Ադրբեջանը:

Ինչեւէ, բոլոր վերը թվարկված գողությունները խամրում են հարեւան Վրաստանում տեղի ունեցածի համեմատությամբ։ Մեր գործունյա հարեւանները որոշել են գողանալ մի ամբողջ հայկական եկեղեցի։ Բլոգերների համատեղ ջանքերով այս հարցը լայն արձագանք գտավ, եւ այս շաբաթ այն արդեն քննարկվեց ՀՀ Ազգային Ժողովում։

Իսկ ամեն ինչ սկսվեց Vesta923 եւ Athanatoi բլոգերի հրապարակումներից այն մասին, որ Թբիլիսիում փորձ է արվում «Վրացականացնել» հայկական Սուրբ Նորաշեն եկեղեցին։