Գժապետություն, կամ Հայաստանը՝ դմբոների համար

Հայաստանի «ախպերական» պետության մեջ ընթացող գործընթացները հասկանալու համար հարկավոր է հայ ժողովրդին մի պարզունակ ձեռնարկ նվիրել՝ «Հայաստանը՝ դմբոների համար»։ Այս եզրակացությանը կարելի էր հանգել անցյալ շաբաթվա ընթացքում հայկական բլոգերում հրապարակված հոդվածները կարդալուց հետո։Այսպես, Ֆ5 բլոգը հանդես է եկել հայ հասարակության չձեւավորված քաղաքացիական մտածողության ընդարձակ վերլուծությամբ։ Դիտարկելով խնդրի արմատները, բլոգը մասնավորապես գրում է.

Հայաստանում մադկանց մեծամասնությունը ապրում է ախպերության օրենքներով. մեր ախպերներին չնեղացնենք՝ մնացածի հերն էլ անիծած; մի անօրինական բան տեսնելիս ոստիկան կանչենք՝ մարդ ծախող ենք; մեր ունեցած պրոբլեմները բարձրաձայնենք՝ խայտառակչի ենք:

Հայկական բլոգոսֆերայի «բողոքի գիրք» դարձած Nazarian բլոգն էլ, հայ իրականության առանց այն էլ դրամատիկ կերպարը ամբողջացնելու համար Ձորակապ գյուղը անվանում է «փոքր քաղաք», ու տեղեկացնում իր բլոգի ընթերցողներին, որ Հայաստանում «Մի ամբողջ քաղաք հացադուլ է անում» ի պաշտպանություն մարտի 1-ի դեպքերի առնչությամբ ձերբակալված իրենց ազատամարտիկ համագյուղացիների եւ ընհանրապես՝ քաղաքական բանտարկյալների։Մինչ Ձորակապցիները հրաժարվում են ուտելիքից, Mk.am բլոգի փոխանցմամբ էլ «դատարաններում վկաները հրաժարվում են իրենց նախնական ցուցմունքներից», իսկ Ուզողի տեղեկացմամբ՝ Արամ Զ. Սարգսյանն էլ հրաժարվում է Հայաստանի Հանրային Հեռուստատեսությամբ ուղիղ եթերով հանդես գալու առաջարկից՝ պատճառաբանելով, որ Հանրայինը իրեն լավ չի պահում, դրա համար էլ ինքը հանրային չի գնա, իսկ երբ Հանրայինը իրեն սկսի լավ պահել, Արամ Զ. Սարգսյանն էլ կմտածի՝ գնա, թե չէ։ Ընդդիմադիր քաղաքական գործչի արձագանքի «լրջությունից» կարկամած Ուզողը պարզապես չի կարողանում բնութագրել իր ապրումները՝ խոսքերը չեն հերիքում։«Հայաստան երջանիկ երկրի» իրավական կարգի արդյունավետության մասին քաղաքական պամֆլետ է հրապարակել Ծիծեռնակ բլոգը.

Օրինազանցների դատավարություններն այնքան արագ էին ընթանում, որ ոչ ոք չէր կարողանում դրանց հետևել: Նույնիսկ դատավորներն իրենք:[]Դատավորներին կարեկցել է պետք: Նրանց համար իսկապես դժվարին ժամանակներ են: [] Հիմա բոլորը վախեցած են: Վախի օրենքը վեր է որևէ այլ օրենքից: Օրենքից վախը վեր է որևէ օրենքից: Աստված գիտի, թե ինչ պատահար կարող է տեղի ունենալ իրենց կարիերայի կամ կյանքի մեջ:

Սակայն ժամանակները փոխվել են, փոխվել է սերունդը, ու նոր սերնդի հետ առաջացել է նոր պահանջարկ, իր վերլուծությունն է եզրափակում Ֆ5 բլոգը։ Եւ եթե 96-ին «Վանոն կարող էր ժողովրդական ըմբոստությունը բանի տեղ չդնել՝ 15.000 մարդ էին, մի 1000-ն էին կատաղած, ջուր կանեինք, կգնային տուն չորանալու», ապա 2008-ին արդեն «Հայաստանի հենց նոր սերունդն էր, որ ըմբոստացավ „ախպերության“ դեմ: Երիտասարդներին այլևս հնարավոր չէ համոզել, որ Գագիկ Ծառուկյանը կամ Սամվել Ալեքսանյանը հալալ է արել, որ միլիարդների հասնող կարողություն է կուտակել, ու որ նորմալ է, երբ նրանց քրոջ տղաները մարդ են վիրավորում, ծեծում»:Իսկ Հայաստանյան զարգացումներին հեռակա կարգով հետեւող Լրագրողը մեջբերում է իր ընկերներից մեկի խոսքերը. «Գուցե սա ժողովրդավարության տեսանկյունից բութ երկիր է, բայց այստեղ ամենալավ զվարճանալու վայրն է», ու մանրամասնում.

Մի խոսքով, հայրենիքից ստացվող լուրերը ուղղակի զվարճալի են թյուրիմացության աստիճան։ ԼՏՊ—ի ֆետիշը, պարտիզանական հասարակությունը, սիկտիրչի կառավարությունը և ընդհանուր առմամբ տրագիկոմեդիա հիշեցնող ու առանց դադարի ու մեկ արարով շարունակվող հայաստանյան կյանքը առավել քան երբևէ գրավիչ է արտերկրում երկու տարի սովորած ուսանողին վերադառնալու համար։ Ուժեղ ստիմուլ։

Իսկ ամերիկյան իրականությունից Լրագրողն առաջարկում է Հայաստան ներմուծել սկսնակ ճանապարհորդների, խոհարարների, համակարգչից օգտվողների համար հրապարակվող ուղեցույցների հայտնի սերիան՝ «դմբոների համար», որն հենց այդպես էլ կոչվում է՝ «Համակարգիչը դմբոների համար», «Խոհարարությունը դմբոների համար» եւ այլն… Բլոգերի կարծիքով որոշ հայ պաշտոնյաների հարկավոր է այդ ուղեցույցներից նվիրել։ Օրինակ Հովիկ Աբրահամյանին կարելի է նվիրել «Նախագահությունը դմբոների համար», Սերժ Ազատիչին՝ «Դեմոկրատիան դմբոների համար», Աղվան Հովսեփյանին էլ՝ «Արդարադատությունը դմբոների համար»։