Պամֆլետ. «Թե ինչո՞ւ դատավորները վախեցած են, սակայն ոչ հիմար…»

Գրիգոր Խարկիև
Մոսկվա

Հայաստան երջանիկ երկրում իրավական կարգը ցույց էր տալիս իր արդյունավետությունը: Օրինազանցների դատավարություններն այնքան արագ էին ընթանում, որ ոչ ոք չէր կարողանում դրանց հետևել: Նույնիսկ դատավորներն իրենք: Նրանք հազիվ էին կարողանում իրենց դատարանների սրահներնում կարգը պահպանել, սակայն մտադիր էին կարգը պահպանել երկրում:

Այս անգամ կախարդանքը շատ ավելի կախարդական էր, քան երբևէ: Որևէ իրավապահ մարմնի ներկայացուցիչ օրենք չի խախտել: Ընդհակառակը` օրենքը խախտվել էր այն քաղաքացիների կողմից, որոնք իշխանությունների հետ չէին համաձայնել. իսկ դա օրենքի խախտում էր:

Այն փաստը, որ քաղաքացիներ էին սպանվել, կախարդական այս երկրում դատավարություններից և ոչ մեկում չէր նշվում:
Օրինազանց քաղաքացիների համար արդարադատությունն ակնթարթային էր: Կասկածելի գործունեության հետախուզումն իշխանություններից չափազանց շատ ժամանակ կխլեր: Հարկավոր է շատ զգուշավոր լինել այն դեպքերում, երբ անօրենության հնարավորությունը կարող է ընդգրկել նաև իշխանություններին: Հարկավոր է շատ շատ զգույշ լինել: Աստված օրհնի դատավորներին, որոնք իրենց անսահման իմաստնությամբ կարողանում էին զանազանել ակնհայտ բաները. մի կողմից` հասարակ քաղաքացիներին` պետության թշնամիներին և միակ մարդկանց, որոնք կարող էին օրենք խախտել, և մյուս կողմից պետությանը, որը երբեք չէր կարող որևէ օրենք խախտել: Ի վերջո, նրա ծառաները հենց իրենք` օրենքն էին:

Դատավորներին կարեկցել է պետք: Նրանց համար իսկապես դժվարին ժամանակներ են: Նրանք կարգին մարդիկ են, ընտանիք ու ընկերներ ունեն, հարևաններ ու ազգականներ ունեն: Հայաստան կախարդական երկիրը գյուղ է, ուր բոլորը միմյանց հետ կապեր ունեն: Ինչ որ տեսակի կապեր: Ո՞վ գիտե, թե ով կարող է հանկարծ հայտնվել դատարանի սրահում:

Դժվարին ժամանակներ են: Դատավորներն այն մարդիկ են, որոնք կարդացել են օրենքը: Դե, գոնե լսել են դրա մասին: Ոմանք նույնիսկ մանևրել են գրքերում եղած օրենքների և պետությունը կառավարող իրական օրենքի միջև:

Սակայն պետությունը կառավարող օրենքն է կարևորը: Բոլորն էլ դա գիտեն: Եթե որևէ դատավոր երկրի օրենքներին ավելի գերակայություն տա, քան իշխանություններին, կհիշի իր դժբախտ գործընկերոջը, որն անմիջապես ազատվեց աշխատանքից, որովհետև հակադրվել էր վարչակազմի ընդդիմախոսին ձերբակալելու հրամանի օրինականությանը: Դա դեռ նախագահական ընտրություններից առաջ էր: Իրենցից յուրաքանչյուրի համար արդարադատությունն ինչքա՛ն ավելի ակնթարթային կլինի, եթե շեղվեն վարչակազմի կազմած ծրագրից:

«Դուք տեղյա՞կ եք, թե ինձ ու ազգականներիս վրա որքա՛ն արժեցավ իմ իրավաբանականում սովորելը, խոստովանեց դատավորներից մեկը, և թե ինչքան է հիմա ինձ վրա նստում դատավոր լինելն ու տեղում մնալը»:
Նրա կրտսեր որդին հակադարձեց հորը՝ ասելով, որ այնուամենայնիվ կարող էր օրենքի վրա հենվել:

«Ինձ ապուշի տե՞ղ ես դրել, գոռաց դատավորը և իր անկարգ որդուն հիշեցրեց այն բարեկեցիկ կյանքը, որ ինքն ապահովել էր նրա համար:
Սակայն դատավորը սիրում էր իր որդուն և մտագոհ էր իր նկատմամբ որդու ունեցած կարծիքով: «Դատավորները նրա համար են, որ մեկնաբանեն օրենքը և որոշեն, թե ու՛մ նկատմամբ ո՛ր օրենքները պիտի կիրառվեն, ե՛րբ և ի՛նչ հանգամանքներում» բացատրեց որդուն: «Ինչ որ տեղ ես իմ գործն եմ անում»:

Անհիշելի ժամանակներից ի վեր, որը դատավորների համար հասնում էր մինչև խորհրդային շրջանը, նրանք պետության հավատարիմ ծառաներն են եղել: Օրենքի իմացությունը լավ ապրելու հարմար առիթ էր: (Բացառությամբ, իհարկե, եթե մեկը դիսիդենտ էր. այդ դեպքում օրենքի իմացությունը իշխանությունների համար հարմար առիթ էր` այդ մեկին հոգեբուժական հիվանդանոց ուղարկելու:)

Խորհրդային ժամանակներից ի վեր դատավորներն ու դատախազները սովորել էին իրենց ունեցվածքն ի ցույց չդնել: Դատավորների ու դատախազների երկու տեսակ կար. կարիքից դրդված փող վերցնողներ և նրանք, որ դա անում էին սոսկ ագահությունից: Առաջին տեսակը կշտանում էր և երբեմն նույնիսկ արդարադատություն դրսևորում: Երկրորդ տեսակը միշտ էր փող վերցնում` իբրև սզբունքային հարց: Միշտ էլ կարելի էր բարելավել ու բարեկարգել կենսապայմանները, որքան էլ որ պահանջները մեծ լինեին:

Արդարադատություն բանեցնելու փորձերն այնքան էլ հաջող չէին: Սակայն հիմա այդ ամենն այլևս նշանակություն չունի: Հիմա այս խեղճ դատավորներն ու դատախազները այդ նրբին տարբերակման շռայլությունն իրենց թույլ տալ չէին կարող:

Հիմա բոլորը վախեցած են: Վախի օրենքը վեր է որևէ այլ օրենքից: Օրենքից վախը վեր է որևէ օրենքից: Աստված գիտի, թե ինչ պատահար կարող է տեղի ունենալ իրենց կարիերայի կամ կյանքի մեջ:

Եվ ուրեմն դժբախտ դատավորները դատում են նոր դիսիդենտներին, որոնց իրենց դատարաններն են բերել իրենցից է՛լ ավելի դժբախտ դատախազները: Խնդիրն այն է, որ դիսիդենտները դիսիդենտներ չեն: Նրանք մեծամասնություն են: Ոչ մի օրենք ու որոշում չի կարող նրանց իջեցնել դիսիդենտության կարգի:

Եվ այս դատավորներն ու դատախազները գիտեն դա: Իրենց վախեցած կամ կոռումպացված լինելը դեռևս չի նշանակում, որ իրենք հիմար են: Ավելին` նրանց հիմարացնել չի լինի: Նրանց սեփական որդիներն ու հարևանների դուստրերը հիմարացնողների հախներից կգան:

Տեսե՞լ եք, թե ինչպես են այս դատավորները հեռանում դատարանից դատավարության կեսին, թե ինչպես են դատախազները որոշում դրսում չճաշել: Միա՛յն ապահով ռետորաններում և միա՛յն մյուս դատախազների հետ: ուցեև փոքր անհարմարություն է: Օրենքներ կան, որ չգրված օրենքներից վեր են, որոնք իրենց հերթին վեր են գրված օրենքներից:

Իմ ապրած երկրում` շատ ավելի կախարդական երկիր Ռուսաստանում, սրանք բոլորը քաջածանոթ գործընթացներ են: Ռուսաստանն ամենատարբեր ձևերով օրինակ է ծառայել Հայաստանի կախարդների համար, որոնք կարողացել են ընտրություն արտադրել և հույս ունեն հասարակություն կառուցել:

Բայց ոչ. այս դեպքում Հայաստանն առաջ է անցել:

Ռուսաստանում դիսիդենտները դեռևս դիսիդենտ են:

Հայաստանում` ոչ: