Երիտասարդական քաղաքացիական շարժումների ծագումնաբանությունը ըստ բլոգերի

Առնվազն մեկ տարի շարունակ «Սկսելա» երիտասարդական քաղաքացիական շարժումը շարունակաբար հայտնվում էր բլոգերների ուշադրության կենտրոնում` մինչեւ անցյալ շաբաթ, երբ հայկական բլոգոսֆերա ներխուժեց «Հիմա» երիտասարդական քաղաքացիական շարժումը:

«Սկսելա»-ն սկ..ել ա, այլ կերպ ասած` ավարտվել, շաբաթասկզբին ազդարարեց շարժման նախկին անդամ Վահագնը, Seetizen բլոգում, անխնա քննադատելով ապաքաղաքական երիտասարդական քաղաքացիական այս շարժումը եւ այն բնութագրելով որպես «Քաղաքականացված, հատուկ հակա-հայկական երիտասարդական անհամություն»: Թեեւ բլոգերի այս հայտարարությունը առանջնահատուկ ուշադրության չարժանացավ, ասես ի հաստատումն «Սկսելայի» ավարտված լինելու թեզի, հայկական բլոգոսֆերայում իրար հետեւից հայտնվեցին միանգամից երեք նոր բլոգ` երեքն էլ «Հիմա» երիտասարդական նախաձեռնության մասին:

Այդ կայքերը ներկայացնում են նոր նախաձեռնության աշխատանքի երեք տարբեր ուղղությունները` 1) զանգվածային միջոցառումները արգելող օրենսդրության վերացումը, 2) Հայաստանի քաղբանտարկյալների պաշտպանությունը եւ 3) երկրում խոսքի ազատության վերականգնամնը: Բոլոր հիշյալ կարքերում արդեն տեղադրված են հոդվածներ, ֆոտո եւ տեսանյութեր նախաձեռնության կողմից արդեն իրականացված ակցիաների մասին: Այդպիսի հերթական ակցիաներից մեկին անդրադառնալով Unzipped բլոգը գրում է.

28 «դատապարտյալներ» եւ 1 «ոստիկանական սպա» պահանջում են ազատել Հայաստանի քաղբանտարկյալներին

Սա Հիմա երիտասարդական շարժման հերթական ակցիան է: Նրանք նպատակ ունեն դառնալ այլ երկրներում նմանօրինակ նախաձեռնությունների համարժեքը Հայաստանում. խոսքը վերաբերում է նախկին Հարավսլավիայի Otpor, Վրացական Kmara եւ Ուկրաինական Pora շարժումներին, որոնք առաջնային դեր կատարեցին իրենց երկրներում փոփոխություններ նախաձեռնելու գործում: Որպես Հիմա շարժում նրանք դեռ նոր են սկսում գործել, սակայն, որքանով ես եմ հասկացել, այս շարժումը հանդիսանում է Սկսելայի հետագա զարգացումը` ավելի հստակ քաղաքական ուղղվածությամբ: Առայժմ նրանք անցկացրել են մի քանի փոքր, բայց հետաքրքիր եւ աչքի ընկնող բողոքի ցույց-ակցիաներ: Թե որքանով կկարողանա այս շարժումը դառնալ «Pora» կամ «Kmara., դեռ պետք է տեսնել:

Իր հերթին անդրադառնալով Սկսելա-Հիմա փոխադարձ կապին, Onnik Krikoryan-ը կարծիք է հայտնում, որ Հիմա շարժման առաջացումը կապված է Սկսելայի ներսում ընթացող խմորումների` ռադիկալ ընդդիմությանը աջակցել-չաջակցելու հողի վրա.

Դեռ պետք է տեսնել, արդյոք երկու խմբերի տարբերությունը ընդամենը ձեւական բնույթ ունի, թե սա լուրջ խզում է, կապված Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցելու մասին ներքին անհամաձայնության հետ:

Հայաստանում քաղաքացիական հասարակություն է ձեւավորվում, պնդում է «ԱՅՕ`ԱՅԴՊԵՍ ԸՍԻ» բլոգը, նշելով, որ «Լեւոն Տեր-Պետրոսյանի չարաբաստիկ հայտարարություններն ու գործողությունները, ինչպես նաեւ Մարտի 1-ի իրադարձությունները հավանաբար առանց հատուկ նպատակադրման, ցանել են երկրում իրական քաղաքացիական հասարակության աճի սերմերը»: Փաստելով, որ Հայաստանում հատկապես տպավորիչ կերպով է զարգանում ինտերնետային ակտիվիզմը, մարդիկ ինտերնետի միջոցով փոխանակում են լուրեր, հայտնում իրենց քաղաքական հայացքները եւ քննարկումներ ծավալում հակադարձ տեսակետների շուրջ, իսկ բլոգերի թիվը փետրվարի 19-ից հետո ընկած ժամանակաշրջանում քառապատկվել է եւ շարունակում է աճել, «ԱՅՕ`ԱՅԴՊԵՍ ԸՍԻ» բլոգը նաեւ անդրադարձել է Հիմա շարժմանը, նշելով.

Այսօր մի երգ լսեցի, որ էլ-փոստով Հայաստանից ինձ էր ուղարկել քեռիս: Երգը քաղաքական է, եւ կոչ է անում «հիմա» գործելու: Այն սկսվում է ցուցարարների բացականչություններով` որոնք կապված են Հիմա կոչվող խմբի անվան հետ: Ասեմ, որ այն կարծես թե. ա) նոր երիտասարդական խումբ է, որ ունի (կամ չունի) որոշակի ներուժ (հղում դեպի բողոքի ցույցի վերաբերյալ տեսանյութը եւ հոդվածը); բ) ցույց անող ընկերների փոքր մի շրջանակ է գ) արտասահմանյան ֆինանսավորմամբ մի խումբ է, որը ինչ-ինչ նպատակների համար է աշխատում, ինչը բացառված չէ Հայաստանում, մանավանդ որոշակի ՀԿ-ների դեպքում:

Ինչեւէ, կարելի է փաստել, որ բլոգերները առայժմ չեն կողմնորոշվում` որտեղից է գալիս եւ ուր է գնում Հիմա երիտասարդական նոր նախաձեռնությունը, չնայած խմբի մուտքը բլոգոսֆերա կայացավ միանգամից 3 նոր բլոգերի տեսքով` 1) http://ymhima.blogspot.com, 2) http://qbhima.blogspot.com եւ 3) http://xahima.blogspot.com: