ԵՐԵՎԱԿԱՅԱԿԱՆ (ԲԱՅՑ ՈՉ ԱՅՆՔԱՆ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ) ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ՀԵՏ

Tzitzernak | Վերցված խիզախ լրագրողի կողմից

Հարց. Ձեր կարծիքով, վերջին ընտրություններից հետո ինչպիսի՞ն է իրադրությունը Հայաստանում:

Պատասխան. Օ, կարծում եմ` շա՜տ լավ: Ընտրությունների արդյունքները եղան ճիշտ այն, ինչ պետք է լինեին. ամեն բան ընթացավ այնպես, ինչպես ծրագրել էինք:

Հ. Սակայն մարդիկ կան, որոնք համոզված չեն, որ սա լավագույն արդյունքն էր:

Պ. Դե, դրանք այն մարդիկ են, որ դեռևս գտնվում են կախարդանքի ազդեցության ներքո և իրենց լավն ու վատը չեն հասկանում:

Հ. տնում եք, որ այդ լավի մեջ է մտնում նաև առանց մեղադրանքի առաջադրման բանտարկված լինե՞լը:

Պ. Իհա՛րկե: Կառավարության պարտքն է նրանց կալանքի տակ պահել` իրենց իսկ մտային ապահովության համար: Նրանց անհրաժեշտ է հասկանալ, որ իրերի բնականոն ընթացքի խաթարումը վնասակար է իրենց և երկրի համար:

Հ. Ոմանք կարող են կարծել, որ դա այնքան էլ ժողովրդավարական չէ:

Պ. Չգիտեմ, գիտեմ միայն, որ մենք դա անում ենք հանուն ժողովրդավարության: Հասկանու՞մ եք. ժողովրդավարությունն ամեն երկրում նույնը լինել չի կարող: Մենք մեր ուրույն մշակույթն ունենք: Եվ իրավունք ունենք այդ մշակույթը պահպանելու: Պետք է հասկանաք, և աշխարհն էլ պետք է հասկանա, որ ինչ անում ենք, անում ենք ժողովրդավարորեն: Պարզապես նայեք այն մարդկանց, որոնց հանեցինք փողոցներից, հանեցինք իրենց տներից: Դրանք միայն սովորական մարդիկ չեն: Նրան մեջ կան հարուստներ, քաղաքական առաջնորդներ, մտավորականներ և նույնիսկ ճիշտ ուղուց շեղված որոշ նախկին պետական պաշտոնյաներ: Չե՞ք գտնում, որ այս ամենը խիստ ժողովրդավարական է:Հ. Սակայն չե՞ք կարծում, որ արևմտյան պետություններն ու միջազգային կազմակերպությունները գուցեև շատ լավ չվերաբերվեն նման քաղաքականությանը:

Պ. Դե, դա մի քիչ տհաճ կինի, բայց մենք նրանց բացատրել ենք, որ միայն մենք գիտենք, թե մեր երկրին ինչ է իսկապես պետք, և բացատրել ենք, որ հոգու խորքում մենք ժողովրդավար ենք: Նրանք, իհարկե, որոշ մտահոգություններ հայտնել են: Սակայն մենք հասկացրել ենք, որ ժողովրդավարության մեր ընկալումն ամերիկյանից շատ տարբեր չէ: Նախագահ Բուշը, հիշու՞մ եք, ասում էր, որ նրանք, ովքեր իր հետ համաձայն չեն, լավ ամերիկացի չեն: Դա ճիշտ ու ճիշտ այն է, ինչ մենք ենք ասում. ովքեր մեզ հետ համաձայն չեն, լավ հայ լինել չեն կարող, բացի այդ, նրանք նաև վատ քաղաքացիներ են: Մեր ձերբակալած անձինք գուցեև գրված օրենքներ չեն խախտել, սակայն, եկեք անկեղծ լինենք` կան նաև չգրված օրենքներ, որ պետք է հարգվեն: Այն մարդիկ, որոնց ձերբակալել ենք, պետք է հասկանան, որ նույնիսկ եթե ստիպված լինենք նրանց սպանել, ընտրություններն այնպես չենք անցկացնում, որ կառավարություն փոխենք: Ընտրությունների նպատակը շատ պարզ է. դրանք անցկացվում են, որպեսզի նրանք իրենց երախտագիտությունը հայտնեն ավելի վաղ ձերբակալված չլինելու համար, ինչպես նաև այն բանի համար, որ նրանցից ոմանց թույլ ենք տվել բիզնես սկսել և փող աշխատել:

Բացի այդ, ԵԱՀԿ ն և Եվրախորհուրդը շուտով այլ մտահոգությունների առարկա կունենան` սկսած Ադրբեջանի ընտրություններից: Ադրբեջանն ու Հայաստանը տեխնիկապես կարող են և պատերազմի մեջ լինել, սակայն կարևոր գործերում մենք միմյանց օգնում ենք: Մենք միմյանցից հերթափոխ ենք խլում` եվրոպացիներին ու ամերիկացիներին զբաղված պահելու համար: Ի վերջո նրանք մեր ընտրություններից հոգնելու են, կտեսնեք:

Հ. Իսկ ի՞նչ կասեիք սփյուռքի մեր հայրենակիցների մասին: Նրանցից շատերն ապրում են ժողովրդավար երկրներում և մարդու, քաղաքական ու քաղաքացիական իրավունքների մասնագետներ են: Քաղաքական որոշ կուսակցություններ նույնիսկ ինքնազոհաբար եկել են Հայաստան` մեզ ժողովրդավարություն սովորեցնելու:

Պ. Գիտեմ, գիտեմ: Այդ ամենը ճիշտ է: Բայց դուք նրանցից որևէ մեկից առարկություն լսե՞լ եք: Մի՞թե չեք տեսել նրանց այն հայտարարությունը, ուր ասում են, որ ամենակարևոր բանը կայունությունն է. նրանք լավ են հասկանում այն իրողությունը, որ քանի դեռ պատերազմի վտանգը կա, մենք կայունությունն ու շարունակականությունը պետք է ամեն բանից վեր դասենք: Հիմա հասկանու՞մ եք, թե ինչու՛ հարմար չէ Ղարաբաղի հարցի լուծումը: Նրանք չափազանց խելացի են, հասկանում են, թե ինչու ենք անում այն, ինչ անում ենք: Քանի որ նրանք հավանություն են տալիս մեր արածներին, և նրանք բոլորը ժողովրդավար են, ապա մենք նույնպես պետք է ժողովրդավար համարվենք:

Հ. Ապագայի համար ինչպիսի՞ համակարգ եք նախատեսում:

Պ. Պատասխանը շատ պարզ է: Կայունություն ապահովելու համար պետք է այնպիսի մի համակարգ ստեղծենք, որ երաշխավորի շարունակականությունը: Նախագահ Քոչարյանը նշանակեց իր իրավահաջորդին, նախագահ Սարգսյանը կնշանակի իրենը, և այսպես շարունակ: Ձեզ մի բան ասեմ. չի՛ կարելի ղեկավարությունը վստահել պատահական որևէ մեկին, որին ժողովուրդը կընտրի: Ինչպես արդեն ասացի, ժողովուրդն իր լավն ու վատը չի հասկանում:

Ես չգիտեմ, թե որքանով եք ծանոթ մեր պատմությանը, սակայն Հայաստանը երկար պատմություն ունի, գիտե՞ք: Մենք զանազան տեսակի բազմաթիվ իշխանություններ ենք ունեցել: Իհարկե, մենք տարբեր ենք Հայաստանում իշխած արքայական տոհմերից: Գիտեք ինչու՞: Որովհետև ներկայումս որդիները չէ որ փոխարինում են իրենց հայրերին, թեև մեր հարևան պետություն Ադրբեջանը և մեր լավ բարեկամ Սիրիան այդ մոդելին են հետևում: Մեկ այլ տարբերություն ևս կա: Դուք տեսե՞լ եք, որ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը թագ կրեն: Իհարկե ո՛չ: Մենք տարբեր ենք նաև կոմունիստներից. հարկ եղած դեպքում մենք մեր դաշնակիցներին թույլ ենք տալիս ընդդիմություն խաղալ: Եվ եթե այդ դաշնակիցներից որևէ մեկը հանկարծ որոշի իր ընդդիմություն լինելը լուրջ ընդունել, գիտենք, թե նրանց ինչպես կար•ի հրավիրել:

Ամեն բան արվում է, որպեսզի վստահ լինենք, որ գոյություն ունեցող միակ ընդդիմությունը մեր դաշնակիցներն են:

Հ. Եվ վերջին հարցս: Ինձ շշուկներ են հասել, որ սփյուռքի որոշ ղեկավարներ միացյալ հայտարարություն են պատրաստում, որով խնդրում են, որ առաջիկա մի քանի տասնամյակում Հայաստանում ընտրությունները կասեցվեն` կառավարության փողերը խնայելու և առճակատման քաղաքականությունից խուսափելու նպատակով: Նման բան լսե՞լ եք:

Պ. Քանի որ այդ մասին խոսեցիք, ասեմ, որ այո, վերջերս նման բան լսել եմ: Սակայն պետք է ասեմ նաև, որ չեմ կարծում, թե այդ լուրերը հաստատվել են: Բայց գաղափարն ինձ դուր է գալիս, և լիովին համաձայն եմ այդ մտքին: Հայերը պետք է մշտապես միավորված լինեն: Իսկ միավորված լինելու ձևն այն է, որ երբեք կարծիքների կամ տեսակետների տարբերությամբ չգործեն, նույնիսկ եթե նման մտքեր գան գլուխները: Վստահեցնում եմ` դա՛ է անվտանգ, կայուն և հայրենասիրական ժողովրդավարության դեղատոմսը: