Ապրիլի 24…

«Այս օրը, 93 տարի առաջ, Օսմանյան իշխանությունները Ստամբուլում ձերբակալեցին (ապա եւ գնդակահարեցին) հայկական ինտելեկտուալների եւ քաղաքական գործիչների սերուցքին, մասսայաբար տեղահան անելով հայ ազգաբնակչությանը եւ հրամայելով պատմական հայկական հողերից տեղափոխվել սիրական անապատ: Արդյունքը` մասսայական ջարդերն էին, բռնաբարությունները, սովամահությունները եւ կենդանի մնացածների փախուստը: Հայոց Ցեղասպանությունը իրականացվեց: Առնվազն երկու հազարամյակ իրենց նախնիների կողմից բնակեցված այս հողերում գրեթե հայեր չեն մնացել…


Ապրիլի 24, Երեւան © Օնիկ Գրիգորյան  / Oneworld Multimedia 2008

Ես չեմ մոռանում: Եվ ես չեմ ներում իմ ժողովրդի հանդեպ այս ոճիրը դավողներին եւ դահիճներին…»,_ապրիլի 24-ի խորհուրդը իր բլոգում այսպես է արտահայտել Արտաշես Բոյաջյանը: Այլ բլոգերներ դիմել են հայ բանաստեղծներին` հրապարակելով հատվածներ Թումանյանից եւ Շիրազից:

Athanatoi բլոգը մեծ ծավալի աշխատանք է կատարել, ի մի բերելով եւ հրապարակելով 1915-ից 2008թթ. տարբեր երկրների կողմից ընդունված`տարաբնույթ ձեւակերպումներով Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերի ժամանակագրությունը, որից պարզ է դառնում, որ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիայն եւ Ռուսական կայսրությունը արդեն 1915 թվականի մայիսի 24-ին հռչակագիր են ընդունել Օսմանյան Թուրքիայում հայերի կոտորածների վերաբերյալ, իսկ 1916թ.-ի փետրվարի 9-ին դատապարտող բանաձեւ է ընդունել ԱՄՆ Սենատը:

Ջահերով երթ, Ապրիլի 23, Երեւան © Օնիկ Գրիգորյան  / Oneworld Multimedia 2008

Ապրիլի 24-ի առիթով միջազգային եւ թուրքական լրատվամիջոցների հրապարակումների ընդարձակ տեսություն է հրապարակել Blogian-ը` անդրադառնալով Հոլիվուդում եւ Երեւանում անցկացված բազմամարդ երթերին: Դեպի Ծիծեռնակաբերդ ջահերով`ՀՅԴ երիտասարդության կողմից կազմակերպված, եւ առանց ջահերի` ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցող ուժերի կազմակերպած երթերն է լուսաբանել ու լուսանկարել Onnik Krikorian-ը:

Սկզբում ոստիկանները Տեր-Պետրոսյանի աջակիցներին արգելում էին փողոցով քայլել` պահանջելով որ նրանք մնան մայթի վրա: []Արդարության համար պետք է նշեմ, որ երեկ գիշեր ՀՅԴ-Դաշնակցական երիտասարդները նույնպես Բաղրամյան պողոտայի մի մասը գրավել էին, այնպես որ ոստիկանները միշտ չէ, որ մտահոգված են փողոցը բաց պահելով: [] Ինչեւէ, չնայած ցուցարարներին մեծ քանակությամբ ոստիկաններ էին ուղեկցում, նրանք անզեն էին եւ առանց հատուկ պաշտպանիչ սարքավորման ու սաղավարտների:[] Այնպես որ, բացի սուլոցներից եւ գրեթէ անընդմեջ կրկնվող «Լեւոն, նախագահ» բացականչություններից, ոչ մի միջադեպ տեղի չունեցավ:

Առանց ջահերի երթ, Ապրիլի 24, Երեւան © Օնիկ Գրիգորյան  / Oneworld Multimedia 2008

Իհարկե ապրիլի 24-ը ո´չ Հայոց Հեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ), ո´չ էլ իշխանությունների կամ ընդդիմության համար է: Այս օրը աշխահասփյուռ հայությանն է, այնպես որ կավարտեմ հասարակ քաղաքացիների լուսանկարներով, ովքեր բարձրացել էին Ծիծեռնակաբերդ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու նպատակով:

Ապրիլի 24, Երեւան © Օնիկ Գրիգորյան  / Oneworld Multimedia 2008

«Ես պահանջատեր եմ», գրում է Moonlight բլոգը, իսկ 517design բլոգը հրապարակել է «Ստացող ենք» վերատառությամբ բացիկների մի շարք, որտեղ պատկերված են ԱՄՆ Նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից ներկայացված Հայաստանի քարտեզը, ինչպես նաեւ տեսարաններ Անի, Բիթլիս, Կարս, Տրապիզոն քաղաքներից եւ Վանա լճից, կրկին` «ստացող ենք» կնիքով: Nախաձեռնությունը վեր է ածվել հանպատրաստից օնլայն ֆլեշմոբի`մեծ թվով հայ բլոգերներ վերահրապարակել են այս կամ այն բացիկը:

Հետաքրքիր վերլուծությամբ է հանդես եկել Ahousekeeper բլոգը, ապրիլքսանչորսյան մտավախություն հայտնելով, որ ողջ ուշադրությունը սեւեռելով կոնկրետ մեկ օրվա վրա՝ այդ օրն անցնելուն պես, մենք` հայերս, համարում ենք մեր պարտքը կատարած ու այդքանով սահմանափակվում, մինչդեռ.

[] շատ լուրջ հարցեր են հասունացել կապված Մեծ Եղեռնի մեր ընկալման հետ։ Օրինակ՝ դժգոհություն է հայտնվում, որ տասնամյակների ընթացքում սեւեռվել ենք զոհի կերպարի վրա, ինքնապարփակվել մեր ցավերի մեջ, փոխանակ մեր երկիրը թշնամու ճիրաններից փրկելու, հանցագործ պետությունը պատժելու։ Մյուս կողմից, որոշ ուժեր (օգտագործելով նույն «բավ է լացենք» մոտեցումը), փորձում են համոզել, որ պետք է ամեն ինչ մոռանալ, քանի որ ողբն ու զայրույթը, ինչքան էլ որ արդարացված լինեն, դեստրուկտիվ են։ «Առաջ շարժվեք, հերի´ք է կառչել անցյալից, պետք է վերջապես երկխոսություն սկսել հարեւանների հետ» — ասում են այդ մարդիկ։ Մեկ այլ մեծաթիվ խումբ էլ ասում է. «Հիշում ենք, ցավում ենք, կուզենայինք մեր պապերի երկիրը վերադարձնել, բայց ի՞նչ կարող ենք անել Թուրքիայի պես հզոր ախոյանի դեմ»։ Մի խոսքով, կարծիքները շատ են, անպատասխան հարցերն էլ ավելի շատ, բայց լուծումներ կամ չկան, կամ էլ անիրական են, ավելի շուտ ուղղված են լուրջ խնդիրներից ուշադրությունը շեղելու վրա։

Անդրադառնալով Փարիզի քաղաքապետարանում Հայոց ցեղասպանության հիշատակի ընդունելության ժամանակ ՀՀ նորանշանակ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությանը` «Հայերի եւ թուրքերի ապագան անհնար է պատկերացնել առանց հաշտեցման», Nazarian-ը նշում է, որ նմանօրինակ մոտեցումները նախկինում որակվել են որպես «պարտվողական» եւ զարմանք է արտահայտում, թե ինչն է արտաքին քաղաքականության նմանօրինակ փոփոխության պատճառը:

Հրագ Վարդանյանը հիշել է 1969թ. ապրիլի 24-ին ամերիկահայ արտիստ Օնիկ Քարդաշի նախաձեռնած ակցիան, որը «Այսօր չատենք մի թուրքի» ցուցապաստառով կանգնելով Մանհետնում գտնվող Սբ. Վարդան Հայկական Եկեղեցու առջեւ «ասես ընդծում էր ատելության ֆոնի վրա սիրո անհրաժեշտությունը»:

Մարկ Գրիգոյանը վերհիշել է այն ժամանակները, երբ Հայոց Մեծ Եղեռնի հուշահամալիրը դեռեւս կառուցված չէր: «Ցեղասպանության պատճառած հարվածը այնքան ուժեղ էր, որ հավանաբար, յուրաքանչյուր հայ շարունակում է այն զգալ»,_ գրում է լրագրող-բլոգերը, համոզմունք հայտնելով, որ ցեղասպանության ճանաչման հարցը հնարավոր է լուծել միմիայն հայերի եւ թուրքերի համատեղ ջանքերով: «Այս հարցում չեն կարող լինել հաղթողներ եւ պարտվողներ»,_ գրում է Մարկ Գրիգոյանը` Ճանաչումը հաղթանակ կբերի եւ հայերին, եւ թուրքերին, եզրակացնում է նա: