Եվրատեսիլի բոյկոտը՝ Հայաստանի ներքաղաքական խնդիրները լուծելու միջոց

Այս շաբաթ ինտերնետային օրագրերից մեկում կարծիք հնչեց, որ «Հայաստանում տիրող անօրենությունների դեմ պայքարին» աջակցելու նպատակով, հարկավոր է կոչ անել «Եվրոպաներում գտնվող մեր հայրենակիցներին չքվեարկել Հայաստանը ներկայացնող Սիրուշոյի օգտին» փոփ երաժշտության Եվրատեսիլ մրցույթում՝ սկիզբ տալով տաք քննարկումների…

Լուսանկարը © Օնիկ Գրիգորյանի, Կովկասյան Հանգույց բլոգ, 2008թ

Մի քանի շաբաթ առաջ ստեղծված Բոյկոտ բլոգը, որը մինչեւ այդ հանդես էր Հայաստանյան օլիգարխներին պատկանող «օբյեկտները» բոյկոտելու կոչով (այդ թվում ՍԱՍ եւ Երեւան Սիտի սուպերմարկետների ցանցերը, Ջազվե սրճարանները եւ այլն), այս անգամ էլ առաջարկում է քննարկել՝ արժե՞, արդյոք, անտեսել Եվրատեսիլը և Հայաստանն այնտեղ ներկայացնող Սիրուշոյին, թե ոչ: Բլոգը վարող Արա Արաբյանի փոխանցմամբ, «վերջերս կարծիքներ են հնչում», որ Եվրատեսիլի ժամանակ Հայաստանի օգտին չքվեարկելով, Եվրոպայում գտնվող հայերը դրանով իսկ իրենց համերաշխությունը կարտահայտեն հայաստանցիների հետ, բլոգի ձեւակերպմամբ` Հայաստանում տիրող անօրենությունների դեմ պայքարում: Սակայն, մյուս կողմից էլ, մատնանշում է նա, կա նաեւ հակառակ տեսակետը, որ պետք չէ այդ քայլին դիմել և մեր խնդիրները հանել Եվրոպա:

Նաև ասում են, որ բոյկոտը կզգաստացնի մեր, այսպես կոչված “աստղերին”, որոնք կսթափվեն և ապագայում այս կամ այն իշխանավորի համար հրապարակներ լցնելուց առաջ մի քիչ գոնե կմտածեն (մեր աստղերի մեծամասնությունը երգում է իշխանությունների համար` հետագայում սեփական բարեկեցությունն ապահովելու համար, այլ ոչ թե քաղաքական դիրքորոշում արտահայտելու):

Վերջին ամիսներին ընդգծված ընդդիմադիր դիրքորոշմամբ հայտնի Unzipped բլոգը հանդես է եկել տրամագծորեն հակադիր կոչով, ասելով, որ հարկավոր է աջակցել Հայաստանին Եվրատեսիլում, նշելով`

Հիշեցնեմ, որ Սիրուշոն Եվրատեսիլում չի ներկայացնում միայն Հայաստանի կառավարությանը կամ միայն Հանրային հեռուստատեսությանը (այս բլոգի ընթերցողները գիտեն, որ ես վերջիններիս հանդեպ խիստ քննադատաբար եմ վերաբերվում): Չէ որ Սիրուշոն նախեւառաջ ներկայացնում է Հայաստանը: Ես չեմ կարող բոյկոտել հայ շախմատիստներին լոկ այն պատճառով, որ շախմատի ֆեդերացիայի նախագահը Սերժ Սարգսյանն է: Ես չեմ կարող բոյկոտել հայ ֆուտբոլիստներին, միայն ֆեդերացիայի նախագահի անձի պատճառով:

«ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ!!!!!!» Գրում է Pigh-ը, ավելացնելով. «Որոշ անձինք, դժգոհ լինելով անցած ընտրությունների արդյունքներից, փորձում են մեր գեղեցկուհու դեմ բոյկոտ կազմակերպել»:

Եվրատեսիլ մրցույթում Հայաստանի ներկայացրած «Քելե, քելե» երգի թարմ տպավորության տակ` Դիտորդ բլոգն էլ, անդրադառնալով հայ երգչուհու օգտին չքվեարկելու առաջարկին, գրում է.

Ինձ թվում է, որ դա անարդար կլինի Սիրուշոյի նկատմամբ, որն իրականում դեռեւս ընդամենը երեխա է, էլ չեմ ասում, որ երգը հաղթելու ռեալ հավակնորդ է թվում ինձ: Ավելին, հաշվի առնելով, որ այս տարի Ադրբեջանն առաջին անգամ է մուտք գործում Եվրատեսիլի մրցույթ, իմ մեջ հպարտության մի տեսակ զգացումունք է արթնացել, որն ինձ ստիպում է ամեն ինչ անել, որպեսզի հենց հայ արտիստը հաղթի:

Ինչեւէ, քննարկումները բոլոր նշված բլոգերում շարունակվում են, եւ թեեւ «ինտերնետային կարծիքը» հիմնականում բոյկոտին դեմ է, եւ շատերը պատրաստ են Սիրոշոյին բոյկոտելու կողմ արտահայտվողներին ազգի դավաճան անվանել, հակառակ կողմից էլ շատ հետաքրքիր մեկնաբանություններ կան, օրինակ` որ Եվրատեսիլը հանրային միջոցների անիմաստ վատնում է, եւ որ Սիրոշոյի թեկնածությունը Եվրատեսիլին ներկայացնելիս հանրության կարծիքը հաշվի չի առնվել: