Փորձել են հրկիզել Գալայի հեռուստաաշտարակը

Ապրիլի 7-ի վաղ առավոտյան ժամը 5-ի մոտակայքում, հրդեհ տեսնելով Գյումրու Վ.Սարգսյան 6/1 հասցեում տեղակայված Գյումրու հին հեռուստաաշտարակի միջնամասում` (մոտ 25 մետր բարձրության վրա), հանդիպակաց շենքի բնակիչներից մեկը զանգել է Գյումրու հրշեջ կայան: Հրշեջները ժամանելով դեպքի վայր, բարձրացել են աշտարակի վրա, այնտեղ հայտնաբերելով վառվող անվադող, այն ներքեւ են նետել ու հանգցրել:

Սա այն նույն աշտարակն է (մոտ 54 մ), որ մինչեւ 1977 թիվը սպասարկել է Լենինականի հեռուստառադիոհեռարձակումները եւ 1977-ին Լենինականի նոր հեռուստաաշտարակը (185 մ, Երեւանի հին հեռուստաաշտարակը) գործարկելուց հետո գրեթե պարապուդի էր մատնված, ու 2005 թվի օգոստոսից թեթեւ նորոգումից հետո իր վրա է կրում ԳԱԼԱ ՀԸ հեռարձակող անտենան` անտենային հասնող մալուխով: Այս նույն աշտարակի շուրջ են ծավալվել Գյումրու քաղաքապետարան-ՉԱՊ ՍՊԸ դատական վեճերը որոնց մասին Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը պարբերաբար տեղեկացրել է հանրությանը: Գյումրու քաղաքապետ Վ.Ղուկասյանին երկու անգամ (նոյեմբերի 30-ին եւ դեկտեմբերի 13-ին) Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ ՀԿ Խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը դիմել, հորդորել էր այս նույն աշտարակի շուրջ հեռուստաընկերության հետ վեճը լուծել արտադատարանական կարգով, ինչին ըստ էության մերժում էր ստացել: Այս նույն աշտարակի վրայից հեռարձակող անտենայի ապամոնտաժման մասին էր ՇՄ Ընդհանուր իրավասության դատարանը վճիռ կայացրել 2008 թվի փետրվարի 29-ին, որը ՍՊԸ-ն բողոքարկել է մարտի 28-ին ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան: Հենց այս աշտարակն էր չափչփում դատավոր Արմեն Խաչատրյանը դատաքննության ընթացքում:

Կարդացեք շարունակությունը…