2008 թ. մայիսին կհայտարարվի Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատորի ներգրավման հայտամրցույթ

2008 թ. մայիսին կհայտարարվի Հայաստանի հեռահաղորդակցության շուկա բջջային կապի երրորդ օպերատորի ներգրավման միջազգային հայտամրցույթ: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայությունում:

Աղբյուրի տվյալներով, հայտամրցույթում կվիճարկվի ՀՀ-ում GSM 900/1800 ստանդարտով բջջային կապի ծառայությունների մատուցման համար լիցենզիայի և ռադիոհաճախությունների ստացման իրավունքը: Հայտամրցութային հանձնաժողով, որը գլխավորում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը, հայտեր կարող են ներկայացվել մրցույթի հայտարարման պահից 90 օրվա ընթացքում: Նախարարությունում նշել են, որ դեռևս ճշտված չեն մրցույթի պայմանները և մեկնարկի ժամկետը:

Հիշեցնենք, որ ներկայումս Հայաստանում բջջային կապի ծառայություններ են մատուցում ՙԱրմենՏել՚ ՓԲԸ-ն /ռուսաստանյան ՙՎիմպելԿոմ՚ ԲԲԸ 100% դուստր ընկերությունը/ և ՙՂ-Տելեկոմ՚ ընկերությունը` VivaCell ապրանքանիշով (բաժնետոմսերի 80%-ը պատկանում է ռուսաստանյան МТС օպերատորին): Ըստ փորձագիտական գնահատման, 2007 թ. վերջին բաժանորդների թիվը կազմել է 1,9  մլն, այդ թվում`ՙVivaCell՚ ընկերության 1,2 մլն և ՙԱրմենՏել՚ ընկերության `700 հազար բաժանորդ: Հայաստանում բջջային կապի ներթափանցումը 2007 թ. վերջի դրությամբ գնահատվում է 65%: