ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԸ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԼՈԳԵՐԻ ԾԱՂԿՄԱՆ ՇՐՋԱՆ

Երեւանում հայտարարված արտակարգ իրավիճակը արտակարգ էր նաեւ հայ բլոգերների համար։ 20 օրերին, երբ թերթերից ու ինտերնետային պարբերականներից շատերը լույս չէին տեսնում, բլոգոսֆերան դարձել էր այլընտրանքային տեղեկություն որոնելու ու տարածելու հիմնական տիրույթը:

Թեեւ բլոգերը «ԶԼՄ մասին» օրենքով եւս լրատվամիջոց են ու պարտավոր էին ենթարկվել արտակարգ դրության մասին հրամանագրին, միայն մի քանի բլոգեր դադարեցրին գործունեությունը կամ սահմանափակեցին գրառումների մատչելիությունը։

Հայկական բլոգոսֆերան միատարր չէ, շատերը գրում են արտերկրից եւ դուրս էին արտակարգ դրության սահմանափակումներից,- ասում է Արթուր Պապյանը, ով որպես հայկական բլոգերի դիտորդ հետեւում է բլոգային անցուդարձին։ — Նաեւ կային ակնհայտ իշխանամետ դիրքորոշում ունեցող բլոգերներ, ովքեր հենց սկզբից հայտարարեցին, որ թքած ունեն սահմանափակումների վրա ու շարունակելու են գրել։ Օրինակ Pigh-ը, որ Livejournal-ի հայկական բլոգերում ամենահայտնին է, առաջինը հայտարարեց դրա մասին՝ ստեղծելով նախադեպ»։

Արթուրի խոսքով՝ արտակարգ իրավիճակը հայկական բլոգոսֆերայի համար ծաղման շրջան էր։ Ովքեր մինչ այդ այնքան էլ ակտիվ չէին, բավական աշխուժացան, բազմաթիվ նոր բլոգեր իհայտ եկան։ Ստեղծվեցին նաեւ, այսպես կոչված, «սամիզդատ»-ներ՝ բլոգային տեխնոլոգիայով ու սկզբունքով գործող։ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող մի քանի բլոգերներ, հասկանալով, որ իրենց սեփական բլոգերում գրելով վտանգում են իրենց, սկսեցին անանուն կերպով հրապարակել «Պայքար» պարբերականը, որն իմիջիայլոց, տարածվում էր ողջ ինտերնետում։ Նաեւ «Մարտի 1»-ը, «Ինֆոարմենիա»-ն..»,-պարզաբանում է Արթուրը։ Նա համարում է, որ այդ ընթացքում հրաշքներ էր գործում «Ա1+»-ի բլոգը։ Այն վարում է Blansh բլոգային անվամբ հայտնի Շուշան Հարությունյանը։

Շուշանի գործը արտակարգ դրության պայմաններում մի քանի անգամ շատացել էր, թեեւ 20 օրերի ընթացքում «Ա1+»-ի բլոգը չէր թարմացվում։
«Երեկոյան՝ հրամագրի հրապարակումից հետո բլոգում հայտարարություն դրեցինք, որ արտակարգ դրություն է, ու մի գիշերում 850-ից ավելի արձագանք ստացանք։ Մենք տեղեկացրինք, որ չենք թարմացնի բլոգը, բայց դուք կարող եք օգտվել ձեր իրավունքից ու շարունակել քննարկումները։ Ու ես օրական մի քանի ժամ միայն մեկնաբանություններ էի կարդում, ջնջում հայհոյանքներ պարունակողները»,-պատմում է Շուշանը։

Նրա խոսքով՝ եթե մինչ այդ մեկնաբանությունների հատվածում քննարկում էին տեղադրված նյութերը, ապա արտակարգ իրավիճակում մարդիկ տեղեկություն էին փոխանակում, ոմանք նույնիսկ փնտրում էին իրենց հարազատներին։

Իսկ իր անձնական բլոգում Շուշանը նոր էջ էր բացել. «20 օր մեկ րոպե լռությամբ հարգենք» խորագրով ու գրել՝ լռություն։ «Հետաքրքիրն այն էր, որ մարդիկ, եղել է մինեւ 1000 հոգի, մտնում էին նայելու, թե ես ոնց եմ լռում։ Ու մեկնաբանություններ էին գրում՝ քաջալերում էին ինձ կամ հակառակը»։

«Ա1+»-ը շատ ակտիվ էր նաեւ YouTube-ում, ուր ունի իր ալիքը կամ վիդեոբլոգը։ Մարտի սկզբին այս ալիքը նույնիսկ հայտնվել է YouTube-ի ամենաշատ դիտվողների 20-յակում։

«YouTube-ը դարձավ ֆենոմեն, որի մասին բոլորը սկսեցին խոսել, իմանալ։ Նույնիսկ կառավարությունը հարկ համարեց ինտերնետով տարածվող վիդեոյի մասին ոստիկանության մակարդակով հերքում հրապարակել Հանրային հեռուստատեսությամբ»,-ասում է Արթուրը։ Իսկ YouTube-ն արգելափակելը նա համարում է մեծ խայտառակություն։

«Ես Անգլիայում էի այդ օրերի ու տեսնում էի, թե ինչպես է այդ լուրը տարածվում՝ «Հայաստանում փակել են YouTube-ը»։ Մինչ այդ լսում էինք, որ YouTube-ը փակ է Չինաստանում, Բիրմայում… Իսկ հետո նաեւ Հայատաստանում։ Այս լուրն ավելի մեծ արձագանք ունեցավ, քան, ասենք, մարտի 1-ի դեպքերը»։

Այս արտակարգ հանգամանքում օգնության հասան արգելքը շրջանցող ծրագրերը՝ http://www.anonymouse.org, http://www.freeproxyserver.ca

Արտակարգ դրության ընթացքում նորաստեղծ բոլգերից մեկը գերազանցեց բոլոր ռեկորդներն ու մի օրում մոտ 800 արձագանք ստացավ։ Խոսքը վարչապետ Սերժ Սարգսյանի բլոգի մասին է, որտեղ մարդիկ հարցեր էին ուղղում վարչապետին։
Այս բլոգը բացել ու վարում է Ռուբեն Մուրադյանը՝ Uzogh բլոգերը։

«Հիմնական նպատակն էր բլոգերների հարցերը հասցնել վարչապետին, քանի որ նրանք փոքրաթիվ, բայց ինտելեկտուալ զանգված են»,-ասում է Ռուբենը։
Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանը հեռուստատեսային հարցազրույցի համար խնդրել էր պատաստել ամենասուր 65 հարցերի ցուցակը, դրանց մեջ եղել են հայտնի բլոգերների հարցեր։ Մյուս հարցերի պատասխանները տրվելու են բլոգում։

«Հարցերի մեծ մասը մարտի 1-ի դեպքերի ու ներքաղաքական իրավիճակի մասին էին։ Կային նաեւ դիմում-բողոքներ, զվարճալի ու անհեթեթ հարցեր։ Դրանք կխմբավորվեն ու կտրվեն պատասխաններ»,-խոստանում է Ռուբենը։ Հեռուստատեսային հարցազրույցից անցել է ավելի քան 10 օր, բայց բլոգում առայժմ միայն եթերում հնչած հարցերն ու պատասխաններն են։
Ռուբեն Մուրադյանը նաեւ վստահեցրեց, որ վարչապետի բլոգը չի փակվի եւ կունենան «շատ հետաքրքիր ճակատագիր»։

Աղբյուրը` E-channel.am

Advertisements