Լուռ բողոքի ակցիան կայացավ

Մարտի 1-ի առավոտյան եւ երեկոյան տեղի ունեցած բախումների, դրան հետեւած արտակարգ դրության ժամանակ ձերբակալությունների դեմ, մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված բողոքի ակցիան կայացավ։E-channel-ի փոխանցմամբ, ոստիկանությունը նախօրոք հայտարարել էր, որ կազմակերպված սգո ակցիան արտոնված չէ։Դեռ ակցիայի սկզբից մի քանի ժամ առաջ Երեւանի Մյասնիկյանի եւ Շահումյանի արձանների մոտ, Ազատության հրապարակում կուտակվել էին ոստիկանական զորքերը՝ զինված պաշտպանիչ վահաններով եւ ռոտինե մահակներով։

Ակցիայի սկզբին՝ ժամը 17։00-ին, Հյուսիսային պողոտայում հավաքվել էին բողոքի ակցիայի մի քանի հազար մասնակիցներ։

Ժամը 17։10 մարդիկ մայթերով շարժվեցին դեպի Մյասնիկյանի արձանի մոտի հրապարակ։ Նրանցից շատերը իրենց հետ բերել էին վերջին օրերին կալանավորվածների լուսանկարները, ձեռքներին ունեին բաժակների մեջ դրված մոմեր:

Մաշտոցի պողոտայի Մարգարյան հիվանդանոցի մոտ գտնվող հատվածում մայթերով քայլող ակցիայի մասնակիցներին մոտեցան ոստիկանները՝ հայտարարելով՝ «Ձեր երթն արտոնված չէ, խնդրում ենք ցրվել»։ Ոստիկաններն արգելեցին ակցիայի մասնակիցներին առաջ շարժվել։ Մի տղամարդու՝ էլեկտաշոկի կիրառմամբ մտցրեցին ոստիկանական մեքենան եւ տարան։ Մոտ 15 րոպե անց Մաշտոցի պողոտայում բողոքի ակցիայի մասնակիցներ չէին մնացել։

Քաղաքի մյուս հատվածներում բողոքի ակցիան կայացավ։ Մարդիկ մոտ մեկ ժամ՝ մոմերն ու բանտարկվածների նկարները ձեռքներին կարողացան լուռ կանգնել Հանրապետության հրապարակից Մյասնիկյանի արձանի մոտ ձգվող ճանապարհին։ Նրանց դիմաց մեկ այլ շարք էր՝ ոստիկանների։ Ժամը 19:00-ին ակցիան ավարտվեց եւ դրա մասնակիցները ցրվեցին:


Լուսանկարը եւ վիդոն` E-channel.am: Նյութն ամբողջությամբ կարդացեք այստեղ: