«ԳԱԼԱ»-ի հեռուստամարաթոնից հետո հրկիզել են Լ.Բարսեղյանի վարած ավտոմեքենան

 Գյումրիում մարտի 20-ին ամբողջ օրը շարունակվում էր ԳԱԼԱ Հեռուստաընկերությանը ֆինանսապես աջակցելու դրամահավաք-մարաթոնը: Մարաթոնին մասնակցում են Հայաստանի մոտավաորապես 60 համայնքների բնակիչներ, այդ թվում վանաձորցիներ, երեւանցիներ, եղեգնաձորցիներ: Օրվա ընթացքում Յունիբանկից ստացվեցին մարտի 19-ի ընթացքում եւ մարտի 20-ին մինչեւ ժամը 14-ի դրությամբ դրամական փոխանցումների վիճակագրությունը: Մոտ 300 նվիրատուների ցուցակը ներկայացվում է այստեղ(մարտի 19) եւ այստեղ (մարտի 20, մինչեւ 14:00): Մարտի 20-ին ժամը 22:30-ի դրությամբ Հանգանակության հանրագումարային թիվը հասավ 11.673.570 դրամի, ինչը կազմում է «պահանջվող գումարի» 46,47 տոկոսը: 

Ժամը 21-ին մոտ, հյուևրընկալվելով Գյումրու «Շանթ» հեռուստաընկերությունում, Գյումրու քաղաքապետ  Վարդան Ղուկասյանը գյումրեցիներին հորդորել է չմասնակցել դրամահավաք մարաթոնին, ասելով թե իրենց դիտավորյալ քամում են ու դատարկում: Այս պարոնը ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության մարաթոնին իր համեստ միջոցներով մասնակցելու փոխարեն իր խելքով բոլորին «բացատրում էր», թե ԳԱԼԱ-ն ՀՀՇ-ից փողերը ստացել է ու հիմա, խաբելով բոլորին դրամահավաք է անում:

Հաղորդման ավարտից 40 րոպե հետո, գիշերը ժամը 1:05-ին, եւ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի գրասենյակ էր վերադարձել  Լ.Բարսեղյանը, եւ այստեղ էին երկու հերթապահները, 2 անհայտ անձինք, բենզինը լցնելով ակումբի այն մեքենայի վրա, որով Խորհրդի նախագահը ժամանել էր գրասենյակ, հրդեհեցին այն եւ փախան: Մեկը կրեմագույն բաճկոնով էր, մյուսը` սեւ: Հրդեհումը տեւել է մոտ 10 վայրկյան: Հերթապահները այդ պահը տեսել են հսկիչ մոնիտորով եւ անմիջապես դուրս վազել հրդեհը հանգցնելու: Լ.Բարսեղյանը 1:06-ին ահազանգել է ոստիկանություն ու միացել հրշիջման աշխատանքներին: Մեքենան հրդեհվել է եւ բենզինի բաքի կողմից եւ շարժիչի կողմից, ենթադրաբար 1-2 լիտր բենզինի միջոցով: Արագ միացված ակումբի ջրի պոմպի եւ ռետինե խողովակի միջոցով, ավելի քան 20 րոպե ակումբի աշխատակիցները հանգցնում էին կրակը, որը բորբոքվել էր հատկապես շարժիչի մասում` փակ կապոտի տակ եւ անցնում էր սալոն:

Ահազանգից 20 րոպե անց` 1:26-ին ժամանեցին ոստիկանները եւ եւս 2 րոպեից` հրշեջները: Այդ պահին հնարավոր էր եղել արդեն հրդեհից փրկել մեքենայի սալոնը, փաստաթղթերը, թափքը եւ պահախուցը: Հրշեջները եւ փրկարարները ջրի շիթով մոտ 15 րոպե սառեցնում էին շարժիչն ու ապարդյուն ջանքերով փորձում ուժով բացել կապոտը: Չունենալով համապատասխան գործիքներ, լինգերով եւ մի փականագործական բանալիով բացեցին այն ու հրդեհը վերջնականապես հանգցրին:

Ավելի ուշ ժամանեցին փորձագետները եւ համապատասխան արձանագրություններ կազմեցին: Հրկիզված մեքենան պատկանում է Ակումբի նախագահ Նադեժդա Հակոբյանին, որի թույլտվությամբ արդեն մոտ 1 շաբաթ է մեքենան վարում էր Լ.Բարսեղյանը. վերջինիս մեքենան նորոգվում էր: Հասցված վնասը, նախնական գնահատմամբ կազմում է մոտ 900.000 դրամ: Լուսանկարներ >>>

ԳԱԼԱ ՀԸ եւ Խոսքի ազատության պաշտպանության Մարաթոնը, այսպիսով նոր զարգացումներ է ստանում, այս հրավառությունը պատահական չէ, Լ.Բարսեղյանի համոզմամբ ուղղակի կապ ունի ինչպես ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության, այդ եւ այլ առիթներով իշխանությունների հասցեին նրա հնչեցրած կոշտ քննադատության, հունվարի 18-ի գիշերը Ակումբի պատուհանի հրդեհման եւ մի քանի անգամ հեռախոսային ահազանգերով իր եւ ակումբի հասցեին հնչեցված ահաբեկումների հետ:

Անկախ ամեն ինչից Լ.Բարսեղյանը, Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը շարունակում են Մարաթոն-դրամահավաքը եւ հայտարարում` «Ռեժիմը չի հաջողելու ԳԱԼԱ ՀԸ փակել, նահանջի տեղ չկա. NO PASARAN»:

Advertisements