Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ արտակարգ դրությունը չի երկարաձգվի


«Արտակարգ դրությունը երկարաձգելու ոչ մի պատճառ չեմ տեսնում», — ինչպես տեղեկացնում է «Արմինֆո»-ն, այսօր մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Դա Ռոբերտ Քոչարյանի վերջին հանդիպումն էր լրագրողների հետ` որպես պետության ղեկավար:

Նրա ասելով, անցած 20 օրերը ցույց տվեցին, որ արտակարգ դրություն հայտարարելու որոշումը ճիշտ էր, քանի որ դա օգնեց խուսափել մարտի 1-ից հետո իրադարձությունների ավելի ծանր հետևանքներից: Միայն դրանից հետո իրավիճակն սկսեց շտկվել, իսկ կյանքը` մտնել բնականոն հուն: Ընդ որում, բնակչության ճնշող մեծամասնությունն ըմբռնումով է ընկալել այդ որոշումը: Պետության ղեկավարը նաև նշել է, որ անցած 20 օրերի ընթացքում ոչ մի միջադեպ չի դիտվել, Ոստիկանության և բանակի ներկայացուցիչները, իրականացնելով արտակարգ դրությանն առնչվող միջոցառումներ, դրսևորել են զսպվածություն, իսկ արտակարգ դրության ռեժիմը երկու անգամ մեղմվել է: «Իմ խնդիրն է ներկայիս կայունությունը հասցնել այն մակարդակին, որ գոյություն ուներ մինչև նախագահական ընտրությունները, որպեսզի նոր նախագահին հանձնեմ կայուն երկիր», — ասել է Ռոբերտ Քոչարյանը: