Հանրահավաքների եւ պետական պաշտպանության մասին օրինագծեր ԱԺ-ում

Ազգային Ժողովում քննարկվում են «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքը փոփոխելու եւ լրացնելու եւ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագծերը։

1. «Հանրահավանքերի օրինագիծ»

«Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում առաջարկվող փոփոխության համաձայն՝ «զանգվածային միջոցառումները լիազոր մարմնի կողմից կարող են արգելվել, եթե ըստ հավաստի տվյալների՝ դրանք ուղղված են սահմանադրական կարգը բռնի տապալելուն, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելուն, բռնություն կամ պատերազմ քարոզելուն, կամ կարող են հանգեցնել պետական անվտանգության, հանրային կարգի, հանրության առողջության եւ բարոյականության խաթարմանը, այլոց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների ոտնահարմանը»:

Համաձայն օրինագծի, «այդ տվյալները կարող են համարվել հավաստի, եթե դրանց առնչությամբ Ոստիկանությունը կամ Ազգային անվտանգության ծառայությունը ներկայացրել են պաշտոնական եզրակացություն»: Սահմանափակումները, համապատասխանաբար, վերացվում են ԱԱԾ-ի ու Ոստիկանության եզրակացության հիման վրա։

«Այն դեպքերում, երբ զանգվածային հրապարակային միջոցառումները վերածվել են զանգվածային անկարգությունների, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի, նոր հանցագործությունների կանխման նպատակով լիազոր մարմինը կարող է ժամանակավորապես արգելել զանգվածային հրապարակային միջոցառումների անցկացումը մինչեւ հանցագործությունների հանգամանքների եւ հանցանք կատարած անձանց բացահայտումը»,- սահմանվում է օրինագծում:
2. «Պետական պահպանության օրինագիծ»

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը սահմանում է, որ

«Պետական պահպանության օբյեկտների կողմից կատարվող օրինախախտումների դեպքում, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանցից, պետական պահպանության անվտանգությունն ապահովող լիազոր մարմնի ծառայողները պարտավոր են.

1) պետական պահպանության օբյեկտին անհապաղ տեղեկացնել, որ պետական պահպանությունը չի կարող շարունակվել, քանի որ օբյեկտի կողմից իրականացվում են հակաօրինական գործողություններ.

2) պետական պահպանություն իրականացնող խմբի ղեկավարը անհապաղ զեկուցում է լիազոր մարմնի ղեկավարին հետագա պահպանությունը իրականացնելու նպատակահարմարության վերաբերյալ:

5. Պետական պահպանության օբյեկտները (բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանցից) կարող են հրաժարվել պետական պահպանությունից` գրավոր այդ մասին տեղյակ պահելով պետական պահպանության ծառայության պետին:»

Մեկ այլ հոդվածով սահմանվում է, որ «Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահին տրամադրվում է անձնական ցմահ պետական պահպանություն: Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահը կարող է հրաժարվել պետական պահպանությունից` գրավոր այդ մասին տեղյակ պահելով պետական պահպանության ծառայության պետին»։

Այս երկու օրենսադրական փոփոխությունները Աժ-ում ընդունվելու դեպքում ուժի մեջ են մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը: