Հայկական ՀԿ-ները դատապարտում են վերջին զարգացումները` հատկապես լրատվության ասպարեզում

Մենք` ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, հասկանալով իրավիճակի լարվածությունը, հարգելով օրենքի տառը` թույլ չտվեցինք Երեւան քաղաքում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի Հրամանագրի որեւէ դրույթի խախտում եւ մինչեւ Հրամանագրի մեջ փոփոխություններ մտցնելը ձեռնպահ էինք մնում որեւէ հրապարակային գնահատականից:

Սակայն այդ նույն ժամանակաշրջանում (2008 թվականի մարտի 1-ից 13-ը) տեղեկատվական ոլորտում եղան օրինականության եւ արտակարգ դրության ռեժիմի բազմաթիվ խախտումներ, որոնց համար պատասխանատվությունն ընկնում է մի շարք պետական կառույցների վրա: Այդ խախտումները ոչ միայն չէին ծառայում Հրամանագրի բուն նպատակի իրականացմանը, այն է` արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացմանը, այլեւ հասարակության հետագա բեւեռացման, անհանդուրժողականության եւ ատելության խորացման վտանգ էին պարունակում:

Մասնավորապես, մի շարք լրատվամիջոցներ, խախտելով Հրամանա•րի 4-րդ կետի, 4-րդ ենթակետի` «զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում» պահանջը, հրապարակում/հեռարձակում էին ոչ միայն պաշտոնական տեղեկատվություն, այլեւ` քաղաքական քարոզչություն, որի մեծ մասը միակողմանի էր, ընդդիմությանը վարկաբեկող ու վիրավորող: Բացի Հրամանագրի խախտումից, սա, փաստորեն, հակասում էր նաեւ համաձայնության եւ համերաշխության հասնելու իշխանությունների կոչերին:

Նման անընդունելի լուսաբանման ամենացցուն օրինակը տալիս էր Հայաստանի հանրային հեռուստաընկերության 1-ին ալիքը (Հ1), որը ոչ միայն անտեսում էր Հրամանագրի դրույթը, այլեւ հերթական անգամ կոպտորեն խախտում էր «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի պահանջը, այն է` «Հանրային հեռուստառադիոընկերությունում` (…) հեռարձակվող հաղորդումներում քաղաքական դիրքորոշման գերակշռությունը (…) արգելվում է»:

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ), որն ըստ օրենքի անկախ կարգավորող մարմին է եւ կոչված է «վերահuկել հեռուuտաընկերությունների եւ ռադիոընկերությունների գործունեությունը» («Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենք, հոդված 37, մաս 1-ին), չկատարեց իր հիմնական գործառույթներից մեկը եւ չկանխեց ոչ միայն Հ1-ի, այլեւ մասնավոր հեռարձակողների մեծ մասի կողմից Հրամանագրով սահմանված դրույթների խախտումները:

Հրամանագրի համապատասխան դրույթի խախտումներ են արձանագրվել նաեւ մի շարք տպագիր ԶԼՄ-ներում, սակայն դրանց չհետեւեց ՀՀ արդարադատության նախարարության արձագանքը: Նախարարությունը պարտավոր էր, իր լիազորությունների շրջանակներում, խախտումները վերացնելու միջոցներ ձեռնարկել:

Չնայած Հրամանագրով մտցված սահմանափակումները գրաքննություն չէին նախատեսում, ինչը նաեւ արգելված է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով, այդ օրերին ոչ միայն Երեւանում, այլեւ ողջ երկրում փաստացի կիրառվում էր նախնական գրաքննություն: Դրա հետեւանքով որոշ համերկրային թերթերի տպագրությունն արգելվել էր բովանդակության պատճառով: Մի շարք հրատարակություններ, բախվելով անօրինական խոչընդոտների, հրաժարվեցին աշխատելուց, որովհետեւ հնարավորություն չունեին ներկայացնելու ընդդիմադիր եւ քննադատական տեսակետներ, այն դեպքում, երբ ընդդիմությանը վարկաբեկող եւ վիրավորող, հաճախ` ագրեսիվ արտահայտությունների հրապարակումը այլ թերթերում որեւէ կերպ չէր սահմանափակվում: Ըստ ԶԼՄ-ներից ստացված տեղեկությունների, նախնական գրաքննությունն իրականացնում էին անձինք, ովքեր ներկայանում էին իբրեւ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ:

Հրամանագրին անմիջապես հաջորդեց մի շարք ինտերնետային լրատվական կայքերի (որոնք դեռ չէին հասցրել անգամ որեւէ անդրադարձ կատարել իրավիճակին) արգելափակումը: Նման գործողությունն ընդհանրապես ապօրինի է, իսկ առանց որեւէ հիմքի արգելամիջոցների կիրառումն այս պարագայում` մենք գնահատում ենք անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտում: Այստեղ եւս դրսեւորվել էր քաղաքական խտրականություն, քանի որ արգելափակվել էին այն կայքերը, որոնք նախկինում իրենց թույլ էին տալիս իշխանությունների հասցեին քննադատական հրապարակումներ տարածել:

Քաջատեղյակ լինելով, թե վերջին ժամանակներս ինչպիսի ճնշումների են ենթարկվում ԶԼՄ-ները, մենք ընդգծում ենք, որ այդ խախտումների համար պատասխանատվությունն ընկնում է ոչ այնքան լրագրողների, խմբագրությունների, որքան իրավասու կառույցների վրա: Վերջիններիս գործողությունները (կամ անգործությունը) հանգեցրել են այն բանին, որ Հրամանագրի «զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում» դրույթը ծառայեցվել է ոչ թե հասարակությանը հանդարտեցնելու նպատակին, այլ` վերածվել է խոսքի, լրատվամիջոցների ազատության հիմքերն էլ ավելի խարխլելու, տոտալիտար համակարգերին բնորոշ միակողմանի քարոզչության ավանդույթները վերականգնելու միջոցի:

Թերթերի մի մասի լույս չտեսնելը` ստեղծված պայմաններում աշխատելուց հրաժարվելու կամ տպագրությունն արգելելու պատճառով, հանգեցրել է նաեւ տնտեսական հետեւանքների, անհավասար մրցակցության: Եվ դա տեղի է ունեցել քաղաքական հողի վրա: Թերթերի տպագրության ընդհատումն արդեն անդրադարձել է, իսկ հետագայում` էլ ավելի խիստ կանդրադառնա նրանց լսարանի վրա:

ԶԼՄ-ների մանիպուլյատիվ օգտագործման պայմաններում խեղաթյուրված էին ներկայացվում նաեւ միջազգային կառույցների եւ պաշտոնյաների հայտարարությունները, ինչը ապակողմնորոշում էր հասարակությանը եւ Հայաստանի միջազգային հեղինակության վրա բացասաբար ազդող լրացուցիչ գործոն էր դառնում:

Քանի որ արտակարգ դրության պայմաններում տեղեկատվական ոլորտում անօրինական դրսեւորումներն անմիջականորեն առնչվում էին ընտրություններին, ուստի դրանց համար պատասխանատվության ենթարկելը նույնքան կարեւոր է, որքան ընտրական գործընթացում խախտումներ իրականացրած անձանց պատժելը:

Սպասվում էր, որ «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագրի` ԶԼՄ-ներին վերաբերող դրույթի փոփոխությունը ուղղված կլիներ ընթացիկ իրադարձությունները լուսաբանելու ավելի շատ ազատություններ ընձեռելուն: Սակայն մարտի 14-ից ուժի մեջ մտնելուց հետո էլ վերոհիշյալ խնդիրներից ոչ մեկը չլուծվեց: Ավելին, փոփոխությունն ունի կամայական մեկնաբանությունների տեղիք տվող ձեւակերպումներ. մասնավորապես` «արգելվում է (…) պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ ակնհայտ սուտ կամ իրավիճակը ապակայունացնող տեղեկատվություն (…) հրապարակելը կամ տարածելը»: Ընտրովի իրավակիրառման եւ հակաօրինական գործողությունների (որոնց տեղեկատվական ոլորտը բախվեց վերջին շրջանում) պայմաններում այն ԶԼՄ-ներին բավականին խոցելի է դարձնում:

Ելնելով վերոշարադրյալից` մենք պահանջում ենք`

— պատասխանատվության ենթարկել ՀՌԱՀ-ին եւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին` հեռարձակվող ԶԼՄ-ներում անընդունելի իրավիճակի համար,

— հետաքննել ապօրինի գրաքննություն կիրառելու, ինտերնետային կայքերը արգելափակելու հանգամանքները եւ պատասխանատվության ենթարկել այդ հակաօրինական գործողություններն իրականացնողներին ու նման հրահանգ տվողներին,

— անհապաղ վերանայել «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի 4-րդ կետի 4-րդ ենթակետը:

Միեւնույն ժամանակ, գիտակցելով, որ ստեղծված իրավիճակի եւ օրինականության կոպիտ խախտումների համար պատասխանատու` այս հայտարարության մեջ հիշատակված մարմինները գործում էին իշխանությունների վարած ընդհանուր քաղաքականության համատեքստում, մենք շեշտը դնում ենք ոչ թե պատժի խստության, այլ խախտումների եւ պատասխանատուների իրավական արձանագրման վրա: Օրենքի գերակայությունը եւ իրավական նախադեպը հատկապես կարեւոր են ապագայում խոսքի ազատության ոտնահարման որեւէ դրսեւորում բացառելու համար:

Երեւանի մամուլի ակումբ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ -Հայաստան

ԶԼՄ-ների աջակցության «Ինտերնյուս» ՀԿ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Վանաձորի մամուլի ակումբ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

14 մարտի, 2008 թ.

Advertisements