Լրատվամիջոցների հայտարարությունը

Մարտի 12-ին, Երեւանում հայտարարված արտակարագ դրության հետեւանքով չհրատարակվող թերթերի եւ չթարմացվող սայթերի, ինչպես նաեւ լրագրողական երկու կազմակերպությունների ղեկավարներ հայտարարություն են տարածել։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Երեւանում արտակարգ դրություն հայտարարելու հաջորդ օրը՝ մարտի 2-ին, Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցներն այցելեցին թերթերի խմբագրություններ` ներկայացնելով անստորագիր եւ չկնքված մի երկտող, որով զգուշացվում էր, որ եթե թերթերի հրապարակումները պարունակեն պաշտոնականից տարբերվող տեղեկատվություն, ապա տվյալ թերթի գործունեությունը կդադարեցվի։ Նույն գիշեր տպարան տարված թերթերի նյութերը մանրակրկիտ ստուգել են ԱԱԾ աշխատակիցները եւ բանավոր հրահանգով արգելել տպագրությունը։

Նկատի ունենալով, որ պաշտոնական կոչվող տեղեկատվությունն առնվազն միակողմանի է, չի արտացոլում կատարվածի ամբողջական պատկերը եւ առանց ընդհատումների եթեր է սփռվում շուրջ մեկ տասնյակ հեռուստաալիքներով` առանձին թերթեր պարզապես հրաժարվեցին լույս տեսնել, մյուսներն էլ հայտնվեցին հարկադիր պարապուրդի մեջ:

Սա մեզ հիմք է տալիս հայտարարելու, որ ՀՀ իշխանությունները պարզապես արգելել են իրենց համար անցանկալի լրատվամիջոցների գործունեությունը: Մանավանդ որ, արտակարգ դրության պայմաններում հրատարակվող ՙյուրային՚ պարբերականների վրա ամենեւին էլ չէր տարածվել բացառապես պաշտոնական լրատվություն հրապարակելու պահանջը:

Տեղեկատվական տեռորը լիակատար դարձնելու համար արգելափակվել են նաեւ ինտերնետային կայքէջերը: Ավելին, CNN ու Euronews հեռուստաալիքների թողարկումները, որոնք անդրադառնում են Հայաստանում կատարվող իրադարձություններին, ընդհատվում են, եւ փոխարենը հեռարձակվում են գովազդային հոլովակներ, իսկ ՙԱզատություն՚ ռադիոկայանի հեռարձակումը ընդհանրապես դադարեցվեց։
Մենք հայտարարում ենք, որ այս ամենը ոչ միայն չի նպաստում հասարակության մեջ առկա լարվածության թուլացմանը, այլեւ խորացնում է ատելության ու թշնամանքի մթնոլորտը։ Պաշտոնական կոչվող տեղեկատվություն սփռող լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը եւ մանավանդ մամուլի խոսնակները իրենց ագրեսիայով ընդամենը նպաստում են անառողջ տրամադրությունների բորբոքմանը եւ խորացնում են անվստահությունը պետության նկատմամբ։

Ստեղծված իրավիճակում ոտնահարվել է տեղեկություններ տարածելու եւ ստանալու մեր սահմանադրական իրավունքը, խախտվել են խոսքի եւ մամուլի ազատության համընդհանուր ճանաչված սկզբունքները, լրատվամիջոցները կրում են նյութական կորուստներ, Հայաստանում իրականացվում է գրաքննություն, եւ մեր երկիրը հայտնվել է տեղեկատվական լիակատար շրջափակման մեջ:

«Ա1+»-ի նախագահ
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Երեւանի մամուլի ակումբի նախագահ
«Ժամանակ Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր
«Ինտերնյուս» կազմակերպության ղեկավար
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի տեղակալ
«Հայք»օրաթերթի գլխավոր խմբագիր
«Լրագիր» կայքէջի գլխավոր խմբագիր
«168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր
«Հետք» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր
«Հրապարակ՚»օրաթերթի գլխավոր խմբագիր
«Չորրորդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիր
«Տարեգիր» թերթի գլխավոր խմբագիր
«ԱրմենիաՆաու» էլեկտրոնային հանդեսի խմբագիր