Լեւոն Տեր-Պետրոսյան. «Այս հասարակությունը չեն կարողանալու կառավարել»

Լևոն Տեր-Պետրոսյանը մարտի 11-ին հանդիպեց լրագրողներին: Հետընտրական ավանդույթի համաձայն` այս հանդիպումը ևս կայացավ առաջին նախագահի առանձնատանը, որը շարունակվում է հսկվել հատուկ պահպանության ուժերի կողմից:  Տեր-Պետրոսյանը անդրադարձավ Սահմանադրական դատարանի որոշմանը:

Նախ հիշեցրեց, որ  ելույթ ունենալով դատաքննության ընթացքում` ՍԴ-ի ուշադրությունն է  հրավիրել երկու իրավական հարցերի վրա: Առաջինը վերաբերում էր  Ընտրական օրենսգրքի 78.1 հոդվածին, որի համաձայն վարչապետը միայն մեկ դեպքում կարող էր գրանցվել որպես նախագահի թեկնածու, այն է` եթե ունենար ՀՀ նախագահի պաշտոնակատարի կարգավիճակ: Երկրորդ հարցը առնչնում էր Սահմանդրության 53.1 հոդվածին, ըստ որի «ռազմական և արտակարգ դրության ժամանակ Հանրապետության նախագահի  ընտրություն չի անցկացվում»: Ըստ Տեր-Պետրոսյանի` ՍԴ-ն պարտավոր էր իր վերաբերմունքն արտահայտել այս երկու հարցերի վերաբերյալ ու համապատասխան եզրակացության հանգել, ինչը, սակայն, տեղի չունեցավ:  «Սա նշանակում է մեկ բան. Սահմանդրական  դատարանը, իրավական փակուղու  առջև չկանգնելու կամ անհարմար վիճակի մեջ չընկնելու համար, խուսափեց անդրադառնալ անցած ընտրությունների օրինականությունը կասկածի տակ դնող ամենաառարկելի հիմքերին»,-հայտարարեց Տեր-Պետրոսյանը:

Տեր-Պետրոսյանը այսօր քաղաքապետարանից ստացել էր նաև քաղաքապետարանի մերժումը` ի պատասխան իր դիմումի` ստանալ թույլտվություն մարտի 21-ին Ազատության հրապարակում հանրահավաք կազմակերպելու համար: Ասաց, որ կշարունակեն դիմել հաջորդ օրերին թույլտվություններ ստանալու համար ևս, թեև չբացառեց, որ մինչև ապրիլի 9-ը իշխանությունները փորձելու են թույլ չտալ որևէ զանգվածային միջոցառման անցկացումը:  «5 ամիս մեր կողմից որևէ խախտում տեղի չի ունեցել, բազմաթիվ երթերի ու  հանրահավաքների ժամանակ որևէ միջադեպ չի արձանագրվել: Ինչ պատահեց, որ ժողովուրդը մեկ օրում փոխվեց: Պատահեց այն, որ ժողովրդի դեմ իշխանությունները  մահակ կիրառեցին,  ու ստեղծվեց այն իրավիճակը, որը կառավարելի չէր, բայց ես վստահ եմ, որ հրաշալիորեն կառավարվում էր իշխանությունների կողմից»,- ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը:

Առաջիկա գործողություններին անդրադառնալով` ասաց, որ «ոչ քաղաքական լարվածության մինչ այժմ չենք գնացել ու չենք էլ պատրաստվում գնալ», պայքարելու են բոլոր օրինական միջոցներով`  քաղաքակիրթ, հստակ, անզիջում: Առաջին նախագահի փոխանցմամբ` «ՀՀՇ վարչության 70 տոկոսը, տարածքային շտաբերի բոլոր ղեկավարները, կենտրոնական շտաբի անդամների մեծ մասը ձերբակալված են»: Բայց զանգվածային  ձերբակալություններն ու տեղի ունեցած իրադարձությունները, ըստ առաջին նախագահի, ավելի մտահոգ են դարձնում իշխանություններին. «Մեծ արյուն է թափվել: Դրա պատասխանատվությունը իշխանությունները զգում են: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից շատ խիստ գնահատականներ են տրվել: 95-ից հետո այսքան  կոշտ զեկույց երբևէ չի եղել: Սրանք երևույթներ են, որոնք չեն կարող անտեսվել»:  

Տեր-Պետրոսյանը մեկ անգամ ևս ընդգծեց, որ այսօր ունենք այլ հասարակություն, հասարակություն, որը «տարբերվում է 5 ամիս առաջ եղածից»: Այս հասարակությանը, իշխանությունների լեգիտիմության այսչափ պակասի պայմաններում, դժվար է լինելու կառավարել: 

Իշխանությունները, ըստ Տեր-Պետրոսյանի, խոսում են  երկխոսությոն անհրաժեշտության մասին, բայց «անում են ամեն ինչ, որպեսզի խափանեն դրա հնարավորությունը, իրենց բոլոր քայլերվ իրավիճակը տանում են սրման»: Տեր-Պետրոսյանը կրկնեց իր մոտեցումը, որ հնչեցրել էր ՍԴ-ում, այն է` հիմք ընդունել Եվրամիության նախագահության հայտարարության առաջարկները ու դրանք դարձնել գործողությունների ծրագիր: Եվրամիությունը առաջարկել էր դադարեցնել արտակարգ դրությունը, ազատ արձակել ձերբակալվածներին, վերացնել լրատվության գործունեության սահմանափակումները ու իրականացնել մարտի 1-ի դեպքերի անկախ հետաքննություն: Ըստ Տեր-Պետրոսյանի` այս առաջարկների ընդունումը լիարժեք հիմք կարող է դառնալ բանակցությունների ու երկխոսության համար:

levon-ter-petrossian-march.jpg 

Advertisements